Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Գուրգեն Յանիկյանի մասունքները Եռաբլուրում հուղարկավորելու հետ կապված

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Գուրգեն Յանիկյանի մասունքները Եռաբլուրում հուղարկավորելու հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր՝ հերոս Գուրգեն Յանիկյանի մասունքները Երևան տեղափոխելն ու Եռաբլուրում հուղարկավորելը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ խստորեն դատապարտում են Գուրգեն Յանիկյանի մասունքները Երևանի ռազմական գերեզմանատանը մայիսի 5-ին հուղարկավորելը, ով 1973թ.-ի հունվարի 27-ին Լոս Անջելեսում սպանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսին ու հյուպատոսին։

«Այս գործողությունը, որը փորձում է ահաբեկչին մեծարել որպես հերոս, ահաբեկչությունը խթանելու հանցագործություն է պարունակում ու անընդունելի է ցանկացած պարագայում»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում ( Արևմտյան Հայաստան): Հայոց ցեղասպանության ականատես Յանիկյանը այդ մեծ ցավը սրտում պահեց մինչև 1973 թ. հունվարի 27-ը, երբ 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում, գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին, սփյուռքացած հայությանը ցույց տալով ազատագրական պայքարի գործնական ուղին, որի հետևանքով հայկական անտեսված դատը վերածվեց իր իրավունքների համար մարտնչող արժանապատիվ պայքարի ելած ժողովրդի պահանջատիրության։

Յանիկյանը իր պատմական քայլը կատարելուց հետո ինքնակամ ներկայացավ ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում խիզախորեն պաշտպանեց հայոց ոտնահարված իրավունքների հարցը։ Հերոսը 1973թ․-ի հունիս 2-ին ցմահ բանտարկության դատապարտվեց։ 1984-ի փետրվարի 10-ին, վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից փոխադրվեց հիվանդանոց և 17 օր հետո, փետրվարի 27-ին մահացավ հիվանդանոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում