«Փաստ». Խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետևանքներ ունենալ

«Փաստ». Խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետևանքներ ունենալ

«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Եվ եթե այլ հարցերում արձագանքը շատ մեծ չէ, ապա պաշտպանության, ինչպես նաև արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Մասնավորաբար, օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ կնքվի զինադադարի նոր համաձայնագիր այլ ձևաչափով, քան նախորդն էր:

Նշենք, որ նախկինը կնքվել էր եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան և Արցախ: Պարզվում է՝ այս հայտարարությունը եղել է ընդամենը Իգիթյանի դիվանագիտական մտքի երևակայության արդյունքը: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հրապարակավ հակադարձեց և սթափության կոչ արեց:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությունում բավական բուռն են արձագանքել և նշել, որ նման հայտարարություններից առաջ պետք է թիմի հետ համաձայնեցնել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, լուրջ դժգոհություններ են եղել նաև ՔՊԿ-ից ու ԱԳՆ-ից:

Արդյունքում Իգիթյանը չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Մեր տեղեկություններով, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անգամ ասել է, թե՝ «դու արել ես էդ հայտարարությունը, ինքդ էլ տակից դուրս արի»: Մեր զրուցակցի պնդմամբ, Իգիթյանին զգուշացրել են, որ ևս մեկ «լյապից» հետո գուցե և մտածեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նրա մնալու նպատակահարմարության ուղղությամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում