Միհրան Հակոբյան.«Դեսպան Մինասյանի առաջ քաշած ցանցային պետություն ստեղծելու գաղափարը խիստ իրատեսական է»

Միհրան Հակոբյան.«Դեսպան Մինասյանի առաջ քաշած ցանցային պետություն ստեղծելու գաղափարը խիստ իրատեսական է»

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Facebook: Հայաստանն ունի աշխարհում առաջին ցանցային պետությունը դառնալու հնարավորությունը: Ինչու՞ առաջինը: Որովհետև իսրայելական մոդելը դժվար է ցանցային պետություն անվանել, հատկապես որ այն ստեղծվել է անցած դարի իրողություններին համահունչ գործիքակազմով և բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ կաղապարված է նախկին լուծումներով և պայմանավորվածություններով: Հայկական սփյուռքը պետությունների համակարգում Հայաստանի մրցակցային առավելությունն է, իսկ Հայաստան պետությունը՝ ազգերի համակարգում հայկական սփյուռքի մրցակցային առավելությունը: Օրինակ՝ մեր սփյուռքի առկայությունը Հայաստանին մրցակցային առավելություն է հաղորդում Վրաստանի, Ադրբեջանի կամ ասենք՝ Նիդերլանդների նկատմամբ: Իսկ թվաքանակով, միգուցե նաև ֆինանսական պոտենցիալով մեզ գերազանցող աշխարհասփյուռ քրդերի հանդեպ հայկական սփյուռքն ունի մրցակցային առավելություն` ի դեմս Հայաստանի Հանրապետության: Սա լրջագույն հնարավորություն է, որը պետք է օր առաջ օգտագործել, որովհետև ժամանակը շատ թանկ է, իսկ հնարավորությունների պատմական պատուհանը մեզ չի սպասելու:

Դեսպան Մինասյանի առաջ քաշած ցանցային պետություն ստեղծելու գաղափարը խիստ իրատեսական է: Ժամանակակից գլոբալացվող աշխարհն ու տեղեկատվական տեխնոլոգիաների արդի մակարդակը թույլ են տալիս մեզ` հայերիս, միավորվելու նոր, նախադեպը չունեցող ձևաչափերում և ի կատար ածելու մեր հավաքական նպատակներն ու երազանքները, որոնք սահմանափակված չեն միայն ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ու Արցախի միջազգային ճանաչման շրջանակով: Երբ մենք բրիտանական East India Company-ի կամ գերմանական Mercedes-Benz կոնցեռնի օրինակներով կըմբռնենք պետության և մասնավորի ստրատեգիան դաշինքի էությունը` գլոբալ մակարդակում, երբ մենք կըմբռնենք, որ նույն ինքնության կրող 10 միլիոնից ավել մարդիկ կարող են մեծ երազանք ունենալ, կապված լինել հոգևոր-մշակութային արժեքներով և շոշափելի նյութական շահերով, այդ ժամանակ կարող ենք թիրախավորել մեր համազգային նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհային քարտեզը:

Չկասկածեք, մենք այդ ըմբռնումն ունենալու ենք, մենք դրան հասնելու ենք: Չկասկածեք, մեր աշխարհասփյուռ ժողովուրդն իր մեջ բավարար ներուժ ունի լուծելու այս խնդիրը, բավարար պասիոնար է` ստեղծելու համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող հայկականության այնպիսի միավորիչ ձևաչափ, որը թույլ կտա փոխել մեր ժողովրդի պայքարի էությունը` գոյատևման շրջափուլից թռիչք կատարելով դեպի զարգացում:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում