Իրանա-ամերիկյան բախումն ուղղակի սարսափելի հետևանքներ կունենա. Վարդան Ոսկանյան

Իրանա-ամերիկյան բախումն ուղղակի սարսափելի հետևանքներ կունենա. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Միջուկային գործարքի համատեքստում Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակարգի սպառնալիքները կանխատեսելի էին, որովհետև ակնհայտ է՝ Դոնալդ Թրամփը դժգոհ է այդ երկրի հետ ունեցած հարաբերություններից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ Իրանի հետ հնարավոր ռազմական հակամարտության մասին հայտարարությանը։

«Ամերիկյան վարչակարգը դժգոհ է հատկապես միջուկային համաձայանգրից՝ համարելով, որ տեղի է ունեցել անարդարություն։ Բայց դա, ըստ էության, մեկ պետության կարծիք է, որովհետև միջուկային համաձայնագրի բոլոր կողմներն անխտիր, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, ԵՄ երկրները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, կողմնակից են, որպեսզի այդ համաձայնագիրը պաշտպանվի։

Իրանական կողմը դեմ է համաձայնագրի վերանայմանը և ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի կնքմանը, և այս իմաստով բավական սուր դիրքորոշում է ցուցաբերում։ Իրանցիները համարում են, որ եթե միջազգային համաձայնագիրը խախտվել է ԱՄՆ-ի կողմից, այդ երկիրն էլ պետք է վերադառնա կառուցողական երկխոսության հուն»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ կողմերի հռետորաբանությունը բավականին խստացել է, Իրանն իր հերթին հայտարարել է, որ ժամանակ է տալիս միջուկային համաձայնագրում ներառված մյուս բոլոր երկրներին՝ կարգավորելու առկա խնդիրները։

«Սակայն ռազմական բախում ակնկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև առնվազն տեսանելի ապագայում անհնար է, որովհետև բոլորն էլ գիտեն, որ նման բախումը ուղղակի սարսափելի հետևանքներ կունենա ողջ Մերձավորարևելյան տարածաշրջանի համար։ Հետևաբար, տրամաբանական որևէ մոտեցում չի ենթադրում նման բախման հավանականությունն»,– ասաց իրանագետը։

Ամփոփելով՝ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգների վերջնական նպատակն Իրանում վարչակարգի փոփոխությունն է, ինչը գործնականում անհնար է։ ԱՄՆ-ի մյուս նպատակն, ըստ նրա, Իրանի ներկայության սահմանափակումն է Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի ղեկավարությանը կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ և իր հետ քննարկել Թեհրանի՝ միջուկային ծրագրից հրաժարվելու հարցը։ Ընդ որում, նա չի բացառել ռազմական հակամարտությունը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև լարվածության սրումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում