Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստին քննվում է Քոչարյանի նկատմամբ կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը

Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստին քննվում է Քոչարյանի նկատմամբ կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով առաջին դռնբաց դատական նիստի ժամանակ քննվելու է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը տեղի է ունենում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում և նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը:

«Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում կա, որի հիման վրա իրավական դիրքորոշում է հայտնվել այն մասին, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությունը պետք է ապահովի մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը՝ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքով»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Դատական նիստին ներկա են անձամբ Ռոբերտ Քոչարյանը, նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստի մեկնարկից մոտ 40 րոպե անց 5 րոպեանոց ընդմիջում հայտարարվեց:

Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյային, վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին ։

Գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում