Ընտանիքի մասին. հակազդեցությունից դեպի պրոակտիվ նախաձեռնություն

Ընտանիքի մասին. հակազդեցությունից դեպի պրոակտիվ նախաձեռնություն

Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Տոնը ցանկանում եմ առիթ դարձնել հայկական ընտանիքի մասին խոսելու համար: Հույս ունեմ՝ այն խթան կհանդիսանա կառուցողական քննարկումների համար:

Հայ ժողովրդի պատմության մեջ ընտանիքի ինստիտուտը մեծ դեր է խաղացել: Դարերով պետականությունից զրկված ժողովուրդը իր ինքնությունը, արժեքներն ու վարքագծային մոդելները սերնդեսերունդ փոխանցել է հենց ընտանիքի միջոցով: Պետականազուրկ այլ ժողովուրդների նման հայկական ընտանիքում ձևավորվել են վարքագծային բարձր չափանիշներ, որոնք հաճախ շատ տարբեր են եղել ընտանիքից դուրս, քանի որ ընտանիքից անդինը պատկանել է օտարին: Փակ համակարգերին բնորոշ ձևով հայկական ընտանիքը իր մեջ պահպանել է բոլոր դրականն ու բացասականը, հնարավորությունների և մարտահրավերների պատճառ հանդիսացել:

Ի՞նչ վիճակում է հայկական ընտանիքը մեր օրերում: Նախ, քանակական տվյալների մասին: Վերջին երկու տասնամյակում ամուսնությունների քանակը նվազել են 21%-ով, իսկ ամուսնալուծությունները ավելացել են 18%-ով: Ակնհայտ է, որ կա որոշակի ճգնաժամ, թեև պետք է ընդգծել, որ այս ցուցանիշը արդյունք է նաև այնպիսի գործընթացների, ինչպիսին է, օրինակ, ուրբանիզացիան: Ինչ վերաբերում է որակական խնդիրներին, ապա դրանք առավել հաճախ են դառնում քաղաքական շահարկումների առարկա, ինչը ստվերում է հարցի լրջությունը: Առավել լիբերալները սովորաբար թիրախավորում են ընտանիքում առկա վարքագծի ետամնաց դրսևորումները (օր. բռնությունը)՝ անտեսելով ինստիտուտի նշանակությունն ու դրա վերաբերյալ լոկալ պատկերացումները: Իսկ պահպանողականության դիրքերից եկողները ծիսական շունչ են հաղորդում հարցին, ապրում են անցյալի մտապատկերներով, առաջնորդվում են «ազդակ-հակազդեցություն» ձևաչափով, ինստիտուտի մասին հիշում են միայն ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարելիս՝ թեման ակնհայտ օգտագործելով քաղաքական լեգիտիմություն գտնելու նպատակով:

Ստեղծված կաթսայի մեջ անընդհատ չեփվելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է առաջ շարժվել հետևյալ քայլերով: Առաջինը, հստակեցնել, թե հայկական ընտանիքն ինչ արժեքների համախումբ է, ինչն ենք ուզում պահպանել, ինչը՝ փոխել: Այլապես, գտնվելով նախապաշարմունքների և անորոշ զգացական կառույցների շրջանակում՝ մենք կա՛մ փակելու ենք մեր արդիականացման ճանապարհը, կա՛մ մտնելու են անկառավարելի փոփոխությունների փուլ: Երկրորդ, առաջ մղել դրական օրակարգ և պրոակտիվ նախաձեռնություններ, քանի որ ռեակցիոն պահպանողականությունը վաղ թե ուշ կապիտուլացվելու է գլոբալիզացիայի առջև: Դա է ցույց տալիս պատմությունը:

Այսպիսով, ի՞նչ արժեքների համախումբ է հայկական ընտանիքը: Ինձ համար արժեք չէ այն, երբ կինը հանդես է գալիս որպես աղախին և երեխաների խնամակալ, տարբեր տրամաչափի բռնությունը ընդունված նորմ է, իսկ ընտանիքի կողքին «սիրուհու ինստիտուտը» բնական գոյության իրավունք է ստացել: Ուստի ակնհայտ է, որ մեզ ծանոթ այդ դրսևորումները պահպանման ենթակա չեն: Հայկական ընտանիքը, ըստ իս, առաջին հերթին երեխայակենտրոնությունն է, երբ ծնողները պատրաստ են իրենց ներկա բարեկեցությունը զոհել հանուն երեխայի ապագայի: Սա հատկանիշ է, որը պետությանը կամ քաղաքական գործիչներին թույլ է տալու սպառել ապագային միտված զարգացման օրակարգ (oրինակ, գումար ներդնել երեխաների կրթության մեջ՝ տարեցների թոշակները բարձրացնելու փոխարեն): Հայկական ընտանիքի կարևոր առանցքն է նաև ավագության մշակույթը, որը մեզ ստիպում է չուրանալ մեր ժառանգությունը և պահպանել մեր ինքնությունը, թեև երբեմն հակասության մեջ է ընդհանուր մերիտոկրատական սկզբունքների հետ: Արժեքների համախումբը շատ լայն հանրային քննարկման կարիք ունի, ուստի այստեղ չեմ հավակնում ամբողջական լինելուն:

Իսկ ի՞նչ նկատի ունեմ՝ դրական օրակարգ և պրոակտիվ նախաձեռնություն ասելով: Առաջին հերթին, պարտադիր չէ հարցը դիտարկել կոնֆլիկտի պրիզմայով: Երբ թեման քննարկվում է միայն հակասորոսականության տրամաբանությամբ, մենք արդեն ծուղակի և այլոց օրակարգի մեջ ենք: Օրինակ, կարելի է հանդես գալ «Հանուն ընտանիքի» խորագիրը կրող շարժումներով, երթերով, փառատոններով, հանրային քննարկումներով և այլն: Ինչ էլ արվի, հարկավոր է հակազդեցությունից տեղափոխվել պրոակտիվ տիրույթ՝ մտքում ունենալով ապագայի վերաբերյալ իրատեսական տեսլական: Ի վերջո, մենք կարող են ապագան հաշվի առնել, կա՛մ` ոչ, բայց չկա ընտրություն մեկ ուրիշ հարցում` ապագան միշտ անխուսափելիորեն գալիս է:

Դավիթ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում