Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը

Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես եկա այն եզրակացության, որ, հաշվի առնելով տնտեսական զարգացման նրա (Թուրքիայի) մակարդակը, նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր – շահառու»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Դրան համապատասխան Վաշինգտոնը դադարեցնում է առեւտրի հատուկ արտոնյալ ռեժիմն Անկարայի հետ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ Թուրքիայի իշխանություններին ծանուցել Է վաղօրոք՝ մարտի 4-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ վերանայում են Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին, քանի որ անհանգստացած են Անկարայի կողմից դրանից օգտվելու չափանիշների պահպանումից: Բացի այդ, նշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման 1,78 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաքսեր Է սահմանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում