Լավրով. Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Լավրով. Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից ու չի հրաժարվում իր ֆինանսական պարտավորություններից։ Tass-ի տեղեկություններով, այս մասին այսօր Հելսինկիում կայացած Եվրոպայի խորհրդի 129-րդ նախարարական ժողովում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

«Մենք չենք ձգտում դուրս գալ Եվրախորհրդից, ինչպես այս մասին փորձում են լուրեր տարածել։ Մենք չենք հրաժարվում մեր ունեցած պարտավորություններից որևէ մեկից, այդ թվում նաև ֆինանսական պարտավորություններից»,-ասել է Լավրովը։

Նշենք, որ Ռուսաստանն արդեն 2 տարի հրաժարվում է վճարել ԵԽ իր անդամավճարը, որը կազմում է տարեկան 33 մլն եվրո՝ լրջագույն ֆինանսական խնդիրներ ստեղծելով կառույցի համար։

Այսօր ԵԽ անդամ երկրների նախարարներն վերահաստատել են կազմակերպության կարևորությունը ու նշել, որ բոլոր անդեմ երկրները պետք է իրավունք ունենան մասնակցել Եվրոպայի խորհրդի երկու կանոնադրական մարմինների՝ Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Նշվել է, որ անդամ պետությունների հիմնարար պարտավորություններից մեկն է կազմակերպության բյուջե վճարումների կատարումը։

Վերոնշյալ կետերը վերաբերում են Ռուսաստանի Դաշնությանը, որով ԵԽ-ն ցանկանում է Ռուսաստանին պահել Եվրոպայի խորհրդի կազմում ու հետ բերել ՌԴ պատվիրակներին ԵԽԽՎ, որտեղ նրանք զրկվել են քեարկության ու այլ իրավունքներից 2014թ.-ին՝ Ղրիմի «բռնակցումից» հետո։ Ուկրաինան իր դժգոհությունն է հայտնել ԵԽ նախարարների որոշումից ու նրա ԱԳ նախարարը չի մասնակցել ԵԽ նախարարների տարեկան հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում