Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն

Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ նախաձեռնության մասնակիցները առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում (Ռ. Իսրայելյան 21) կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Թեմից նշում են, որ «Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարին՝ խաչին նվիրված տոների առթիվ: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում