«Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

«Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 17-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախքան զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկը ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամանատարների հետ անց են կացվել մի շարք ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում բանակի հրամանատարի անմիջական վերահսկողությամբ ներկա հրամկազմը ուսուցանվել է «Նռնականետային դասակի կիրառումը պաշտպանությունում», «Գումարտակի հրամանատարի կողմից կրակային խնդրի կատարումը այն դեպքում, երբ հրամանատարը չի դիտարկում նշանակետ» և մարտավարական զորավարժություններին առնչվող այլ թեմաներով:

Ծավալված ուսումնական կետերում համապատասխան աշխատանքների ավարտից անմիջապես հետո մեկնարկել է հրետանային ու տանկային միջոցներով ուժեղացված գումարտակի մարտավարական զորավարժության եզրափակիչ հատվածը:

Չնայած զորախաղերի թեման պաշտպանողական էր, խաղարկվել են նաև հակահարձակողական ու գրոհային տարբեր մարտական իրավիճակներ: Զորավարժությունների ժամանակ կիրառվել են անձնակազմի ղեկավարման ու մարտի վարման նոր մոտեցումներ:

Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում, ինչպես հրետանային ու տանկային ստորաբաժանումները, այնպես էլ հետևակը կարողացել են ներդաշնակ գործողությունների շնորհիվ պատվով կատարել ուսումնամարտական առաջադրանքները և խոցել նախանշված թիրախները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում