Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Panorama.аm: «Կան հարցեր ու խնդիրներ, որոնք հայտարարություններով և հանրայնացումով չպետք է լուծվեն: Այսինքն՝ եթե հայտարարվածի հետ կապված կա տեղեկատվություն, ապա կան նաև այդ տեղեկատվության հետ աշխատելու բազմաթիվ խողովակներ, բազմաթիվ ֆորմատներ՝ մարտահրավերները հասկանալու և գործողություններ իրականացնելու համար: Միանգամից հանրայնացնելն իր մեջ պարունակում է պրոբլեմներ»,– Panorama.аm-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում արած հայատարարությանը, թե Արցախում հնարավոր լարվածությունը կարող է Իրաքից և Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան:

«Շատ բարդ է հասկանալ՝ տեղեկատվությունը որտեղից: Եթե, այսպես կոչված, օպերատիվ, կամ վստահելի աղբյուրների վրա է հիմնված, սա նախատեսում է աշխատանք, ոչ թե հայտարարություն: Կարող է հարց ծագել, իսկ միգուցե անհրաժե՞շտ է և՛ հայտարարություն, և՛ աշխատանքը, իմ խորին համոզմամբ՝ ոչ: Այս տիպի հարցերում հայտարարությունների, հանրայանցման հերթը գալիս է շատ ուշ, կամ ընդհանրապես չի գալիս: Իսկ եթե խոսքը վերաբերում է զուտ ենթադրություններին, վաղուց պետք էր հասկանալ, որ փորձագետը, վերլուծաբանն ու վարչապետը պետք է տարբերվեն իրարից»,- ընգծեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն դիտարկմանը, որ ահաբեկիչները կարող են իրենց գործունեությունը ծավալել նաև Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ, Կարեն Բեքարյանն ասաց, որ ենթադրությունների կամ թեկուզ որոշակի փաստերի վրա հիմնված, բայց միանգամից հանրայնացված ինֆորմացիան հարևան երկրների ընկալումներում խնդրահայրույց է: «Եթե աշխատանքային պրոցեսը բացակայում է և գործ ունենք զուտ հայտարարության հետ, ապա պետք է հասկանալ, որ հարևան երկրների՝ Իրանի և Ռուսաստանի կողմից այն կարող է ընկալվել՝ որպես շանտաժային էլեմենտ»,- հավելեց Բեքարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ լարվածությունը Ղարաբաղում կարող է Իրաքից և Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան: «Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որպեսզի նրանք հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի՝ հույս հայտնելով, թե դա հասկանում են և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Իրանում։

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և կդառնա երաշխավորն այն բանի, որ այս հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք կարող են թույլ չտալ նոր սրացում։ «Ես չեմ կարող հավատալ, որ երբ կարիք լինի, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում