Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում

Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Արթուր Իսպիրյանի հետ կապված միջադեպ եղել է միայն մամուլի էջերում, այնտեղ, որտեղ ես էի, միջադեպ չի եղել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ խոսելով երեկ Կասկադում տեղի ունեցածի մասին։

Տեր-Նակալյանն ընդգծեց, ոչ քաշքշուկ է եղել, ոչ էլ հայհոյանքներ են հնչել, ինչի մասին փաստել է նաև Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն իր հարցազրույցներից մեկում։

«Բայց եթե ասում են, ինչ-որ բան է եղել ու ոստիկանությունն էլ արագ արձագանքում է, այդ տարածքում տեսախցիկներ կան, ու Արթուր Իսպիրյանի կինն էլ թանգարանի տնօրենն է, ինչո՞ւ չեն նայում այդ տեսագրությունները։ Թող ցույց տան, որ մենք բարբարոսաբար հարձակվել ենք խեղճ տղամարդու վրա, որ եղել է երեխաների հետ։ Սա համարում եմ նիկոլական հերթական ցինիզմներից մեկը, որի նպատակն է ջրել թոռների հետ շրջող Հրանտ Մարգարյանի վրա հարձակման թեման»,– կարծիք հայտնեց նա։

Հիշեցնենք՝ ոստիկանությունը կատարվածի մասին տարածել է հաղորդագրություն, որով տեղեկացնում է, որ կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Տեր-Նակալյանը գովելի է համարում ոստիկանության նման արագ ու օպերատիվ արձագանքը։

«Բայց եթե ուղիղ եթերում երևում է Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, հարձակման մասնակիցները ու մի քանի ժամ ոչինչ չի արվում, մի քիչ զավեշտալի է ստացվում»,- ասաց նա։

«Ադեկվադ» ՀԿ-ի հիմնադիր Արթուր Դանիելյանն այսօր հայտարարել է, որ ինքը հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում