ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց

ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Քաղաքական շահ հետապնդողները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատարանների վրա ճնշում»,- ասված է Հայաստանի ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարության մեջ։

Հայտարարությունը հետևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու մասին մայիսի 19-ին արված կոչին։ Այս կոչն իր հերթին հետևել է երկրի նախկին նախագահ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Դատարանի որոշման հանդեպ կանխակալ վերաբերմունք չունենալով հանդերձ՝ կցանկանայինք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն անհրաժեշտ պայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից միջամտությունների բացակայության պայմաններում։ Դատարանի կասկածելի թվացող որոշումը վիճարկելու համար առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին բողոքարկումն է բարձր ատյանին։ Հարգանքն առ օրենքի գերակայությունը ենթադրում է հարգանք այն բոլոր ընթացակարգերի հանդեպ, որոնք կոչված են պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ով լինելուց։

Այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ դատարանի այս որոշման հանդեպ հանրության արձագանքն ի ցույց է դնում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության տակավին ցածր մակարդակը։ Արդարադատության ոլորտում բարեփոխումները մնում են առաջնահերթ և մենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգը խորքային բարեփոխումների ենթարկելու ձգտումը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցելու առումով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում