Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը

Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Եվրոպական միությունն այսօր հրապարակել է զեկույց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնում են, որ զեկույցը հարապարակվել է հունիսի 13-ին նախատեսված ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ: Ըստ զեկույցի՝ Հայաստանն ավելացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, Հայաստանը հետևողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում: Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: ՀՀ Կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարևոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար։

«Եվրոպական միությունը եղել և կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը մտված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը: Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար և մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», – նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունն ու Հայաստանը ամուր գործընկերներ են, և մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության և կրթության ոլորտներում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար», – նշել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում