Անհնարին է, որ Արցախը հակահեղափոխական օջախ լինի․ Վահրամ Բալայան

Անհնարին է, որ Արցախը հակահեղափոխական օջախ լինի․ Վահրամ Բալայան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Անհնարին է, որ Արցախը հակահեղափոխական օջախ լինի: Հայ հեղափոխական Դաշնակցության հրավիրած հանրահավաքին Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը:

«Արցախն իր գոյության ամբողջ ընթացքում ապացուցել է, որ կարող է ազգային գաղափարներ դավանել, կարող է առաջամարտիկ լինել»,- ասաց նա:

Վահրամ Բալայանի կարծիքով՝ կարելի է հանգիստ լինել, որովհետև Արցախը եղել է և կմնա որպես հայ ժողովրդի հպարտության ակունքը:

«Ինձ թվում է՝ չպետք է անընդհատ փորձել մեր մեջ թշնամիներ որոնել, որովհետև նման պարագայում մենք չենք կարող ջլատված իրավիճակում մեր առջև եղած խնդիրները լուծել»,– ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Արցախում չկան նման ուժեր, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, քաղաքական ուժերը փորձում են իրենց ուժերը կոնսոլիդացնել՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ինչ կարծիք ունեն դրանց վերաբերյալ իրենք, Վահրամ Բալայանը նշեց․ «Այն ամենը, ինչը կապված է մեր առաջադիմությունը, մեր առաջընթացը ապահովելու հետ, մենք պաշտպանում ենք: Իսկ այն գաղափարները, որոնք դրդում, ինչ-որ մի տեղ պայմաններ են ստեղծում, որ հասարակությունը բաժանվի սևերի, սպիտակների, հեղափոխականների, հակահեղափոխականների, գտնում ենք, որ անընդունելի է:

Մենք գտնում ենք, որ ընդհակառակը՝ մենք պետք է փորձենք եզրեր գտնել հասարակությունների տարբեր շերտերի միջև»:

Հայտնելով իր կարծիքը Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որ Ապրիլյան պատերազմի բացահայտումների համար քննիչ հանձնաժողով ստեղծվի, Արցախի ԱԺ փոխնախագահը նշեց, որ իրենք էլ շահագրգիռ են, որ պարզություն լինի․ դա հնարավորություն կտա, որ հայության մեջ որոշակի ճշգրտումներ լինեն:

«Եթե իսկապես դավադիր ուժեր են եղել, ասում են, որ հետախուզության հետ կապված տվյալներ չեն հաղորդել կամ ասում են՝ ժամանակին համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, թող պարզվի: Մենք էլ ենք շահագրգիռ այդ հարցում: Եթե այդ ամենը կատարվում է ազնիվ նպատակներով, մեր սխալները ուղղելու, շտկելու համար, բնականաբար, ողջունելի է»,– ասաց նա:

Իսկ անդրադառնալով Երևանում Վիտալի Բալասանյանի և ոստիկանության միջև եղած միջադեպին՝ նա ասաց․ «Նման բաներին պետք է զգույշ վերաբերվել, որովհետև վերջիվերջո Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, ծառայություններ ունի երկրի, հայրենիքի նկատմամբ, և չեմ կարծում, որ նման խնդիրներ պետք է ստեղծել և դրա շուրջ փորձել հակասություններ որոնել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում