«Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»

«Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իրենից առաջ ելույթ ունեցած ICT փորձագետ Ռուբեն Կարանզայի դիտարկումներին։

«Փորձագետն ասում է՝ ենթադրյալ մեղավոր անձանց վերաբերյալ վերաբերմունք, համաձայն չեմ սրա հետ։ Ուզում եմ իմանալ՝ իրենց երկրում կա անմեղության կանխավարկած, թե ոչ, ի՞նչ է նշանակում ենթադրյալ մեղավոր անձանց։ Ասում է՝ հեղափոխության դիմաց իշխանությունը պետք է ժողովրդին հատուցեր դատական համակարգով։ Ո՞վ է տենց բան ասել, ուրեմն առաջին հերթին, որ ժողովուրդը հեղափոխություն է արել, արել է, որ իր կյանքը բարելավվի, ունեցել է նման լեգիտիմ ակնկալիք, իսկ եթե իր կյանքը բարելավված չի, դատական համակարգն իրեն հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպի վարակը կարող էր հուզել Մովսես Խորենացուն։ Ինչ է նշանակում մեզ համեմատել Պերուի, Գվատեմալայի հետ։ Իրեն հուշեք, որ ինքը ելույթ է ունենում համաշխարհային քաղաքակրթության օրրանում։ Եվ հետո, ասում է՝ չունենք մոդել, բայց եկել ենք ձեզ դաս տանք, իսկ կներեք, որ մոդել չեք բերել, ո՞վ ասաց, որ այդ դասը մեզ հետաքրքիր է»,- ասաց պատգամավորը։

Պետրոսյանն ասաց, որ իսկապես ողջունում է արդարադատության համակարգը բարելավելու՝ իշխանության ցանկությունը, բայց դրա համար այլընտրանք պետք է ունենալ։

«Այստեղ անուններ են հնչում՝ ճշմարտության հանձնաժողով, արդարադատության կոմիսիա և այլն, շատ լավ է, բայց այս ի՞նչ է, մենք այդ մարմինները հիմնադրելով արդյո՞ք չենք զոյացնում մեր գործող իրավապահ մարմինների նշանակությունը և ծառայությունը ՀՀ-ում, բա՞ մեր ԱԱԾ-ն, Դատախազությունը։ Ուզենալով իսկապես առաջընթաց գրանցել, բայց կարծում են, որ չպետք է գրանցել շտապողականության միջոցով որակի հաշվին։ ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ բարեփոխեն, բայց ամենամեծ ցանկությունը չի կարելի իրականացնել որակի հաշվին»,– հավելեց Գևորգ Պետրոսյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում