Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը

Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ունի կառավարման խորհրդի նոր նախագահ և քարտուղար։

Մշակույթի նախարարության կայքից տեղեկանում ենք. «Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով:

Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար»:

Հիշեցնենք , որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը և Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում