Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Լատվիայում շաբաթ առավոտյան՝ 07.00-ին, սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. 998 ընտրատեղամաս՝ 954-ը հանրապետության տարածքում, 44-ը՝ արտասահմանում, բաց կլինեն մինչև 20.00-ն։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում՝ 08.00-ից, 12.00-ից, 16.00-ից և 20.00-ից հետո, տեղեկատվություն կներկայացնի ընտրողների մասնակցության մասին։ Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները երկրի ԿԸՀ-ն կհայտարարի մայիսի 26-ի լույս 27-ի կեսգիշերին։

Լատվիայում ԵԽ ժամկետից շուտ քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 22-24-ին, մասնակցել է ընտրողների 11,07 տոկոսը՝ 156 288 քաղաքացի։ Բացի այդ, մայիսի 20-ից ընտրատեղամասերում քաղաքացիները կարող էին ծանոթանալ եվրապատգամավորների թեկնածուների ցուցակներին, նախընտրական ծրագրերին, թեկնածուների մասին տեղեկություններին եւ քվեարկության կարգին։ Բացի այդ, կարելի էր հայտ ներկայացնել քվեարկության մասին ըստ բնակության տեղի, եթե առողջական պատճառով հնարավորություն չի եղել գալ ընտրատեղամաս ընտրությունների օրը։

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 23-26-ը Եվրամիության բոլոր երկրներում, օրերը տարբեր են պետությունների օրենսդրությունների տարբերությունների պատճառով։ Լատվիայից Եվրախորհրդարանում ընտրվելու է ութ պատգամավոր, ԵԽ ընտրություններում երկրից գրանցվել են 16 քաղաքական կուսակցություն և միավորում՝ 246 թեկնածուով։

Ներկայում Լատվիայում ապրում է մոտ 1,9 մլն մարդ, որոնցից ձայնի իրավունք ունի 1,4 մլն-ից մի փոքր ավելին։ Ընտրություններին հերթական անգամ չեն կարող մասնակցել մոտ 230 հազար ոչ քաղաքացիներ, որոնք ԽՍՀՄ-ից Լատվիայի առանձնանալուց հետո զրկվել են քաղաքական իրավունքների մեծ մասից, այդ թվում քվեարկելու և տեղական ինքնակառավարման մարմիններում, ազգային և եվրոպական խորհրդարաններում առաջադրվելու, ինչպես նաև համազգային հանրաքվեներին մասնակցելու իրավունքից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում