Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս

Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Մայիսի 23-ից 26-ը Եվրամիությունում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի է, քան 2014 թվականին: Այս մասին Եվրախորհրդարանի Բրյուսելի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է ԵԽ-ի ներկայացուցիչը՝ հայտնելով ընտրությունների նախնական արդյունքները:

«28 երկրում, ներառյալ Մեծ Բրիտանիան, մասնակցությունը կազմել է 50, 5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի է, քան 2014 թվականին», – ասել է նա:

Բոլոր կուսակցությունների ղեկավարները և Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուները, մեկնաբանելով ընտրությունների արդյունքները, նախևառաջ շնորհակալություն էին հայտնում եվրոպացիներին ակտիվության համար:

«Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մենք նման արդյունք չենք տեսել տասնամյակների ընթացքում», – ասել է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգրետե Վեսթագերը, որը Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է «Հանուն Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների միավորումից»:

Եվրախորհրդարանի ուղղակի ընտրություններն սկիզբ են առել 1979 թվականին: Առաջին ընտրություններին մասնակցությունը կազմել է 61,99 տոկոս, սակայն հետագայում այն անշեղորեն նվազել է, ինչը ի հայտ է բերել եվրոպացիների հետաքրքրության անկումը եվրոպական նախագծի նկատմամբ: 1999 թվականի ընտրություններին մասնակցությունը ցած է ընկել հոգեբանորեն կարեւոր 50 տոկոսի նշագծից և կազմել 49,51 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում