Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին

Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներդրողներին կոչ արեց ստեղծել և արարել իրենց մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզպետն այս մասին ասաց մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի բացման իր ելույթում։

«Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը համախմբելու է մեր մարզի գործարար ներուժը մեկ վայրում։ Ֆորումի անցկացման վայրը պատահական չէ. հավաքվել ենք Սյունիքի հյուրընկալ մի վայրում, որը բարենպաստ միջավայր է ստեղծում մարզի զարգացմանը նպաստող նոր նախագծերի ու ծրագրերի մշակման համար։ Ուզում եմ գործարարներին կոչ անել գալ Սյունիք, ստեղծել և արարել Սյունիքում ու զարգացնել Սյունիքը»,– ասաց Պողոսյանը։

Հունան Պողոսյանը նշեց, որ իրենց համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններն են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում