ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել. Թիմուր Ուրազաև

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել. Թիմուր Ուրազաև

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մայիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Միգուցե եղել են անդամ երկրների կողմից հարցի հետ կապված տարբեր մոտեցումներ, սակայն, ընդհանուր առմամբ, ճգնաժամ որպես այդպիսին չի եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե մայիսի 22-ը կարող ենք համարել ճգնաժամի հաղթահարման ամսաթիվ, ապա ես նորից եմ ասում, մեզ համար ճգնաժամ որպես այդպիսին չի եղել: Թեկնածուն Ղազախստանից չէ, մենք պարզապես հայտնել մեր կարծիքը, իսկ մայիսի 22-ին, որքան ես գիտեմ, հայկական կողմն է հայտարարել, որ հարցը կարգավորված է, կարելի է առաջ շարժվել: Մենք առաջ ենք շարժվում ինչպես մինչև մայիսի 22-ը, այնպես էլ դրանից հետո: ՀԱՊԿ-ի քարտուղարությունը այս ընթացքում չի դադարել աշխատել: Բուռն քննարկումներ, էմոցիոնալ խոսակցություններ եղան մեդիայում, հասարակական հատվածում, միգուցե դա հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով էր պայմանավորված»,- ասաց դեսպանը:

Մայիսի 22-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը նեղ կազմով անցկացված նիստում որոշել է 2020 թվականի հունվարի 1-ի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկման դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում