Ադրբեջանագետ. Ծայրահեղ վտանգավոր է պառակտում մտցնել մեր հասարակության մեջ

Ադրբեջանագետ. Ծայրահեղ վտանգավոր է պառակտում մտցնել մեր հասարակության մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Ցանկացած գիտակից մարդ պետք է հասկանա, որ ծայրահեղ վտանգավոր է պառակտում մտցնել մեր հասարակության մեջ, առավել ևս հիմա, բաժանել Արցախի և Հայաստանի բնակչությունը տարբեր ժողովուրդների»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա նշեց, որ սա ոչ միայն անհեթեթություն է, այլև այս պահին ՝ ծայրահեղ վտանգավոր, որովհետև հիմա փաստացի ադրբեջանական քարոզչությունը շատ հարմար ձևով օգտվում է պահից. «Ամբողջ ադրբեջանական մամուլը հեղեղված է նյութերով, որոնց հիմքն այդ թեզն է ՝ Հայաստանը և Արցախը պառակտվում են, բաժանվում են իրար մեջ, կռվում են, մի քիչ էլ սպասենք, հարմար պահ կլինի մեր հարցերը կլուծենք։ Որևէ պարագայում չի կարելի Ադրբեջանին թույլ տալ մտածել, որ ինքը որևէ շանս ունի Հայաստանի ներքին ճգնաժամի արդյունքում հասնել հաջողության»։

Ադրբեջանագետն ընդգծեց, որ իրար հանդեպ նեգատիպ արտահայտություններից, գործողություններից որևէ մեկը չի շահելու, որևէ մեկին օգուտ չի տալու։

«Բոլորս ապում ենք այս երկրում։ Երբ Ադրբեջանը հարձակվի, սկսի պատերազմ, անկախ բնակվելու վայրից տուժելու ենք բոլորս, զգալու ենք մեր մաշկի վրա։ Տարբեր մարդկանց կհորդորեմ, որոնք շահարկում են այդ թեման, քաղաքական դիվիդենտներ են շահում դրա վրա, ուշքի գան»,- ասաց Ա. Էլիբեգովան։

Նա նշեց, որ այս դեպքում հակառակորդը ոչ միայն ուրախանում է, այլ գործում է, օգտագործում է մեր ազգային անվտանգության դեմ։

Ասուլիսին ներկա «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ասաց, որ Հայաստանում հնչող ներքաղաքական, քաղաքական հայտարարությունները Արդբեջանում շատ արագ որսում են, օգտագործում են, շահարկում են։

«Մեզ ուշադիր հետևում ու գործում են»,- նշեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում