Արցախի Ազգային ժողովը մի շարք օրենքներ է ընդունել

Արցախի Ազգային ժողովը մի շարք օրենքներ է ընդունել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 30-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ ամսին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված՝ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական նիստին, ինչպես նաև մայիսին ԱԺ-ում մեկնարկած՝ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նստաշրջանի օրակարգը հաստատելուց առաջ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ բացասական եզրակացություն ստացած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը հեղինակի պահանջով դրվել է կարճատև քննարկման: Լյուդմիլա Բարսեղյանն առաջարկել է նախագիծը ներառել նստաշրջանի օրակարգ և քննարկել հունիսին կայանալիք նիստին:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պաշտպանել է հեղինակի առաջարկը և հույս հայտնել, որ որոշակի պարզաբանումներ մտցնելուց հետո նախագիծը կմտնի գալիք նիստի օրակարգ: Խորհրդարանը կողմ է քվեարկել նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելուն:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորներն անցել են պարտադիր հարցերի քննարկմանը:

Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է, որ հաշվետու տարում 159 անձանցից ստացել են 138 դիմում՝ սոցիալական ապահովության, սեփականության, արդար դատաքննության, ազատ տեղաշարժի, աշխատանքային և պատշաճ վարչարարության իրավունքների վերաբերյալ: Իր զեկույցում ՄԻՊ-ը անդրադարձել է նաև Արցախի՝ միջազգային կոնվենցիաներին միանալու հանգամանքին և առաջարկել քննարկել «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» միջազգային կոնվենցիաներին միանալու հնարավորությունը: Հաղորդման ներկայացումն ավարտելուց հետո Արտակ Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Արցախի Հանրային հեռուստառադիո­ընկերության 2018թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը խորհրդարանին է ներկայացրել խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը: Վերջինս նշել է, որ ընկերությունը թե՛ արտադրության և, թե՛ ֆինանսատնտեսական առումով հաջողությամբ է ավարտել տարին: Արսեն Առստամյանը ևս պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Օրակարգային մյուս հարցը «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի հարցապնդման քննարկումն էր: Հարցապնդումն ուղղված էր ԱՀ կառավարությանը՝ «Արցախգազ» և «Արցախէներգո» ընկերությունների մասնավորեցման պայմանները ճշտելուն:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, պատասխանելով հարցապնդմանը, նշել է, որ վերոնշյալ ընկերությունները մասնավորեցվել են Կառավարության՝ 2017թ-ի համապատասխան որոշումներով՝ մրցութային կարգով: Հանդես գալով հարցապնդման վերաբերյալ ելույթով՝ Հայկ Խանումյանը նշել է, որ Կառավարության կողմից տրված պատասխանը չի փարատել իր կասկածները: Պատգամավորը հետաքրքրվել է նաև քննարկվող ընկերություններում ներդրումների իրականացման ծավալներից ու մասնավորեցման պայմանագրով նախատեսված պայմանների կատարումից:

Ընթացակարգով նախատեսված մտքերի փոխանակության ընթացքում ելույթ է ունեցել պատգամավոր Արթուր Թովմասյանը: Եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Լևոն Գրիգորյանը և Հայկ Խանումյանը:

Սկսելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի ներկայացրած՝ «Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

«Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը ուղեկցող փաթեթով ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կստեղծվի քննչական կոմիտե, կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, կերաշխավորվի քննչական մարմինների անկախությունը և դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը, նախաքննության առավել արդյունավետ իրականացումը, ինչը թույլ կտա ուժեղացնել մինչդատական քրեական վարույթում քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, վերացնել իրավապահ մարմինների կրկնվող գործառույթները և օպտիմալացնել բյուջետային ծախսերը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը և պատասխանել պատգամավորների հարցերին: Խորհրդարանը քննարկել և օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Արդարադատության նախարարն այնուհետև ներկայացրել է «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ փաթեթով: Նախարարի խոսքով՝ փաթեթի ընդունմամբ կապահովվի «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ամրագրված դրույթների բնականոն գործունեությունը և կլուծվեն նոտարական գործողությունների իրականացման շարունակականության ապահովման հետ կապված գործնականում առաջացող խնդիրները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին:

Արդարադատության բնագավառի մյուս նախագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր, որի ընդունմամբ, նախարար Դանիելյանի փոխանցմամբ, ակնկալվում է բարձրացնել քննչական գործողությունների կազմակերպման արդյունավետությունը՝ վերացնելով առանց իրավաչափ նպատակի ընթերականեր ներգրավելու կարգավորումները: Նախագծով կհստակեցվեն նաև ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ և 270-րդ հոդվածները՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը՝ բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պրակտիկան: Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրենքը ևս ընդունվել է:

Հաջորդիվ խորհրդարանը լսել է պատգամավոր էդուարդ Աղաբեկյանի հեղինակած «ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կամրագրվի հանրապետության նախագահի ընտրության ժամանակ Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախագահի թեկնածուների միջև բանավեճերի պարտադիր լինելը: Հեղինակի կարծիքով՝ արդյունքում քաղաքացիները կստանան լիարժեք տեղեկատվություն թեկնածուների ծրագրերի մասին:

Պատգամավորները օրինախագծի հեղինակին են առաջադրել հարցեր, որից հետո նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկել կառավարության լիազոր ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ է ունեցել Դավիթ Իշխանյանը: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագծի հեղինակը: 20 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակ ունի: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, և քվեարկության արդյունքներով օրենքն ընդունվել է:

Ներկայացնելով «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակա­ռավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը նշել է, որ փաթեթի ընդունումը միտված է հստակեցնելու «Սեյսմիկ պաշտպանության մասին» ԱՀ օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ, միջոցառումների իրականացմամբ լրացնելու սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնելու և տարանջատելու լիազորությունները՝ ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ որպես պարտադիր լիազորություններ, կատարելագործելու բնագավառը կարգավորող իրավական դաշտը, ինչպես նաև առկա կարգավորումները համապատասխանեցնելու գործող օրենսդրության պահանջներին: Նախարարը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերին: ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել օրենքին:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն առաջին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքը: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել Արցախի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները՝ հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելով արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովման համար: նաև ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջ է:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն առաջարկել է առաջին ընթերցմամբ քննարկել «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին» Արցախի Հանարպետության օրենքի նախագիծը: Նախարարի պնդմամբ օրինագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, որը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը նպաստելուն:

Պատգամավոր Հովիկ Ջիվանյանի ներկայացրած առաջարկությունը լսելուց հետո, գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն առաջարկել է օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ՝ ներկայացված առաջարկությունների քննարկումը շարունակելու նպատակով: 19 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը նշել է, որ օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման պատշաճ կազմակերպումը: Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Օրենքն ընդունվել է:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարը նշել է, որ սույնով ակնկալվում է լիցենզիայի տրամադրման գործընթացի հստակեցում, լիցենզավորված անձանց՝ իրենց համար նախընտրելի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրում, ինչը հնարավորինս նպաստավոր պայմաններ կստեղծի վտանգավոր թափոնների գործածությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքն ընդունել է:

Ներկայացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ընդգծել է, որ փոփոխությամբ հնարավորություն կընձեռվի տարբեր իրավական ուժ ունեցող ակտերը համապատասխանեցնել միմյանց՝ կենտրոնացնելով շրջանային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման, շահագործման, սպասարկման աշխատանքները: ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո խորհրդարանն ընդունել է օրենքը:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը, Ռիտա Մնացականյանը, Վարդգես Բաղրյանը և Դավիթ Իշխանյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում