Աբխազիայի ԱԳՆ պատվիրակությունն Արցախում է

Աբխազիայի ԱԳՆ պատվիրակությունն Արցախում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Պետական նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մարզական կարևոր միջոցառումն ամրապնդելու է Արցախի և Աբխազիայի մարզական ու մշակութային կապը՝ այդ բնագավառներում հետագա շփումներն ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարով:

«Սպորտը միավորելու հատկություն ունի: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն էլ, Արցախը ճանաչելի դարձնելուց բացի, արցախցիներին ու հյուրերին իրական տոն պարգևելու նպատակ ունի»,– իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը:

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն հույս է հայտնել, որ տոնն իրականում կհաջողվի և պատրաստակամություն է հայտնել խորացնելու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման վերջում երկուստեք կարևորվել է նաև փոխադարձ այցերի ակտիվացումը:

Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Պատվիրակությունը Ստեփանակերտում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում