Փաստաբան. Անօրինականություն անօրինականությունների հետևից պետական լիազոր մարմինների կողմից

Փաստաբան. Անօրինականություն անօրինականությունների հետևից պետական լիազոր մարմինների կողմից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Հայտարարվեց, որ երկրում պետք է լինի արդար դատական իշխանություն, սահմանադրորեն անձը երաշխավորված, պաշտպանված լինի պետության կողմից։ Սակայն այն, ինչ որ այսօր տեղի է ունենում մեր երկրում, մեկ բառով կարող եմ բնութագրել՝ անօրինականություն անօրինականությունների հետևից պետական լիազոր մարմինների կողմից»,- ասուլիսում ասաց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով, երբ իրավապաշտպանները, փաստաբանները բարձրաձայնում են այդ անօրինականությունների մասին, բացարձակ որևէ գործառույթ չի կատարվում, որպեսզի առերևույթ անօրինականություն կատարող անձանց ենթարկեն պատասխանատվության, առավել ևս երբ նրանց արարքում ինչու չէ նաև առկա է հանցակազմ։

«Հայաստանի քաղաքացին, ըստ էության, չի կարող անվտանգ, ապահովված զգալ այնքանով, որ անօրինականությունը բարձրաձայնվում է, բացարձակ ոչ մեկը դրան համապատասխան իրավական գնահատականը չի տալիս»,– ասաց Լ. Բաղդասարյանը։

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, փաստաբանն ասաց, որ նա բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում, սակայն, չգիտես ինչու քրեակատարողական հիմնարկը որոշում է, որ իր մոտ նույնպես կան բոլոր հարմարությունները, վերջինս կարող է բուժումը շարունակել «Դատապարտյալների հիվանդանցում»։

«Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունն ուղղակի պոզիտիվ պարտավորություն ունի այն թույլատրել։ Երեկ մարդը ստանում էր հերթական բուժումը, քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են ու տեղափոխում են։

Բժշկական էպիկրիզ են տալիս, պարտադիր պայման է լինում, որ 24 ժամ պետք է լինի մի շարք բժիշկների հսկողության տակ, բուժումը լինի ստացիոնար կարգով։ Վերցնում և տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ 2-3 ժամ պահելուց հետո, ըստ էության, հասկանալով, որ ստացիոնար պայմանները չկան, առանց վերջինս համաձայնության, հարկադիր տանում են, որ բուժումը ստանա «Դատապարտյալների հիվանդանցում»։ Պաշտպանական կողմը 4-5 ժամ ցանկացել է տեսակցություն պաշտպանյալի հետ, սակայն միայն առավոտյան ժամը 4-5-ին է հնարավորություն տրվել տեսնելու։

Մանվել Գրիգորյանը հրաժարվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալ։ Այսօր անօրինական կարգով վերջինս պահվում է «Դատապարտյալների հիվանդանցում»,- մանրամասնեց Լ. Բաղդասարյանը։

Նա հայտնեց, որ կրկին դիմելու են ՄԻԵԴ, կրկին ահազանգում են, որ նման պայմաններում խոսել իրավունքի, իրավաբանության մասին կոնկրետ այս քրեական գործով, արդեն ածանցվում է և անձի կյանքին վտանգ է սպառնում։

«Անձի կյանքին վտանգ է սպառնում, այսինքն պետք է սպասենք անձը մահանա, որ հետո փորձենք մեղավորներ ման գալ։ Ո՞րն է պատճառը, որ մենք այսօր չենք բարձրաձայնում քրեական գործի որոշակի դրույթների հետ կապված, թե ինչ ձևի են կարել այդ քրեական գործը Մանվել Գրիգորյանի վրա։ Գնում է դատական պրոցես, կարծում եմ՝ հանրությունը կտեղեկանա, արդյոք անձը մեղավոր է, թե ոչ։ Խնդիրը վերաբերում է անձի ուղղակի առողջությանը, որի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում