Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենալու. Մնացականյան

Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենալու. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Յուրաքանչյուր բանակցություններից և առաջ, և հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ։ Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում եմ Արցախի նախագահի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետին»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ իրենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է կառավարության այն քաղաքական գիծը, որը վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում. «Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է։ Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենալու։ Սրանով է պայմանավորված Արցախի մասնակցության հարցը։ Մեր համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ եղել և մնում է շատ սկզբունքային ու արդյունավետ»։

Լրագրողների հարցին, թե բանակցություններում եղե՞լ են նրբություններ, որոնց Արցախը տեղյակ չի եղել, նա պատասխանեց. «Այն, ինչ մենք քննարկում ենք Արցախի իշխանությունների հետ, այն, ինչպես ես աշխատում եմ Մասիս Մայիլյանի հետ, մենք ունենք մեր հարցերը, մենք ունենք մեր տարբեր մոտեցումները, որտեղ նույնպես Արցախն ունի իր դիրքորոշումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի և Բակո Սահակյանի կողմից։ Մենք այդ ամենը քննարկում ենք»։

Մնացականյանն ընդգծեց, որ ոչ մեկ կասկած չպիտի ունենա միասնականության վրա. «Մեր ներսի քննարկումները կարող են շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնանակությունը, խորհուրդ կտամ՝ չսխալվել։ Դա արտահայտվել է 1991 թվականից ի վեր, վերջին անգամ՝ 2016 թվականի ապրիլին, որ որևէ մեկը մեր միասնականությունը չպետք է կասկածի տակ դնի։ Մենք ունենք հարցեր, ունենք բանավեճեր և այսպիսին է մեր հասարակությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում