ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:

Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբեյալ միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:

Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

Մանվել Գրիգորյանը, նկատենք, հունիսի 6-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում