Ադրբեջանցիները խոստանում են որս սկսել մեր զինվորների դեմ

Ադրբեջանցիները խոստանում են որս սկսել մեր զինվորների դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Առաջնագծում իրավիճակը բավական լարված է։ Հայկական կողմը «վրեժ է առնում» զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի համար, ադրբեջանցիները՝ խոստանում «որս սկսել» մեր զինվորների դեմ։ Դիվանագիտական դաշտում էլ կրկին լարված վիճակ է՝ փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիքներ և այլն։

Իհարկե ես միշտ կողմ եմ եղել, որպեսզի Արցախյան հարցում հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ և խիստ լինի։ Մեր բանակը երբեք անպատիժ չի թողել թշնամում որևէ ոտնձգություն։ Դրա մասին բոլորս գիտենք։ Բայց ի՞նչ խնդիր է լուծում այսօր Փաշինյանի կառավարությունը՝ հայտարարելով, որ առաջնագծում պատժիչ գործողություններ են իրականացվում, որի արդյունքում ադրբեջանցի զինծառայողներ են ոչնչացվում։ Ուզում եմ վստահ լինել, որ ամեն ինչ ճիշտ հաշվարկված է ու որ այդ հայտարարության հետևանքներն էլ ցավոտ չեն լինի մեզ համար։

Ինչ վերաբերվում է այս ամենի քաղաքական հետևանքներին, ապա կրկին՝ ասել և ասելու եմ, որ հարցը քաղաքական լուծում չունի։ Բանակցությունների սեղանին մեր առջև դրված հիմնական խնդիրը ժամանակ շահելն է։ Ժամանակ, որ թույլ կտա մեզ էլ ավելի ուժեղանալ, էլ ավելի հզորանալ ու էլ ավելի շատ ճնշել թշնամուն առաջնագծում։ Իսկ եթե հանկարծ պատերազմ սկսվի, ամեն ինչ անել, որպեսզի դրա քաղաքական պատասխանատվությունը մնա թշնամու վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում