Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին

Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է կալանավորման պատճառով, այսինքն նրա առողջական վիճակը երկարատև կալանք կրելու արդյունք է։ Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

«Մանվել Գրիգորյանը, երբ մեկ տարի առաջ այս օրերին կալանավորվում էին, նրա շաքարւ 7 էր, այսօր 27 է։ Կալանքի պատճառով ավելացավ»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է նիստի ընթացքում դատախազ Վահե Դոլմազյանի այն հայտարարությանը, որ Մ. Գրիգոյանը գիտակցաբար դեղորայք չի ընդունում, Ա. Մկրտչյանն ասաց. «Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի դրսևորած բացասական վարքագծից, որ հրաժարվել է բուժումից, դա եղել է այն պահից հետո, երբ անձը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքներն իրեն հասանելի բոլոր օրինական միջոցերով, այդ թվում նաև դեղադուլ հայտարարելով, որովհետև տեղափոխման պահից հենց ներս են բերել «Դատապարատյալ հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, բոլոր պաշտպաններով կանգնած ենք եղել դռների առջև, մեր նկատմամբ կատարվեց հանցագործություն, խոչընդոտվեց մեր փաստաբանական գործունեությունը, մեզ չթողեցին գտնվել մեր պաշտպանյալի կողքին»։

Փաստաբանը նշեց, որ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը մնում է «ռեանիմացիոն հիվանդի առողջական վիճակի», նա չի գտնվելու այսօր առաջին ատյանի դատարանում տեղի ունենալիք նիստին, հետևաբար նիստը հետաձգվելու է, խնդրեց հնարավորինս սեղմ ժամկետներում որոշում ընդունել։

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց, որ ակնկալում է դատախազության մարմիններից հաջորդ դատական նիստին ստանալ ՔԿՀ–ից պաշտոնական փաստաթուղթ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների հետ կապված։ Հաջորդ նիստը կայանալու է հունիսի 17–ին։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը, նա տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Սակայն մինչ այդ, նա որոշ ժամանակ բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, այնուհետև որոշվել է նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում