Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է․ Դոդոնը չեղարկել է խորհրդարանի լուծարումը

Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է․ Դոդոնը չեղարկել է խորհրդարանի լուծարումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Մոլդովայում հունիսի սկզբից ներքաղաքական իրավիճակը կրկին թեժացավ ու քաղաքական ճգնաժամը գնալով խորանում է։ Նախագահ Իգոր Դոդոնը չեղարկել է խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Ria-ն։

Դոդոնի խոսքերով, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպի որոշումը չի համապատասխանում սահմանադրության նորմերին։ Նա այս մասին հայտնել է Անվտանգության խորհրդի նիստից հետո, որին ներկա չեն եղել գլխավոր դատախազն ու Մոլդովայի Ազգային բանկի նախագահը:

Հիշեցնենք, որ պրոռուսական սոցիալիստական կուսակցությունն ու պրոեվրոպական ACUM բլոկը շաբաթ օրը ձևավորեցին խորհրդարանական մեծամասնություն, և երեք ամիս անց երկրում ձևավորվեց նոր կառավարություն՝ Մայա Սանդուի գլխավորությամբ։ Սակայն, Սահմանադրական դատարանն այդ որոշումներն անօրինական հայտարարեց:

Հաջորդ օրը Սահմանադրական դատարանը Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպին նշանակեց ժամանակավոր նախագահ, որ նա ստորագրեր խորհրդարանը լուծարելու և սեպտեմբերի 6-ին նախնական արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը:

Ի պատասխան, խորհրդարանը հայտարարեց, որ Դեմոկրատական կուսակցությունը դատավորների միջոցով փորձ է անում ուզուրպացնել իշխանությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում