Լենա Նազարյանի լուսանկարները, Վրաստանը եւ մեր շահերը

Լենա Նազարյանի լուսանկարները, Վրաստանը եւ մեր շահերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Այս օրերին համացանցում տեսնում եմ տիկին Լենա Նազարյանի լուսանկարների մասին քննարկումներ: Ես չգիտեմ, ավելին` չեմ էլ ուզում իմանալ, թե տիկին Նազարյանը դրանով ի՞նչ է ուզում ասել: Բայց մի բան ուզում եմ ասել կամ հիշեցնել այդ առիթով. տիկին Նազարյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մի ոլորտ, որն օդ ու ջրի նման կարևոր է ՀՀ-ի համար` թե’ ռազմավարական, թե’ տարանցիկ, թե’ անվտանգության, թե’ թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու և բազմաթիվ այլ իմաստներով:

Էլ չխոսեմ այն հսկայածավալ խնդիրների մասին, որոնք առկա են Վրաստանում ապրող հայության, մասնավորապես` ջավախահայության շրջանում, և դրանց միայն թվարկումը մի քանի էջ կարող է լցնել:

Հեշեցնենք նաև, որ օրերս արգելեցին Վրաստան մտնել հերթական ՀՀ քաղաքացուն` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, և արդեն Վրաստան մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է խայտառակ չափերի:

Հետաքրքիր է` տիկին Նազարյանը քանի՞ անգամ է զանգահարել այս ընթացքում իր վրացի պաշտոնակցին, քանի՞ անգամ է փորձել հանդիպել հետը և աշխատանքներ տարել, օրինակ` վրաց քաղաքական գործիչների ոչ հայանպաստ հայտարարությունները բացառելու համար: Զորօրինակ` ոչ անհայտ Շալվա Նաթելաշվիլու վերջին հայտարարություններից տեղյա՞կ է տիկին Նազարյանը: Կամ` Ախալքալաքի վերջին ծեծկռտուքից և վրացի ոստիկանների կողմից հայության հանդեպ ոչ ադեկվատ պահվածքից տեղյա՞կ է տիկինը, և կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ քայլեր են արվել:

Այն, որ ջավախքաբնակ գործիչներն այս օրերին զանգահարում են մեզ և հարցնում, թե այդ հանձնաժողովն արդյոք գործո՞ւմ է, կամ ովքե՞ր են անդամները, արդեն փաստում է, որ այս ոլորտում առկա է անգործություն, և, դատելով այս տոտալ ամայությունից` հակված ենք կարծելու, որ տիկին Նազարյանը միայն տեղյակ է մի բանից` այն, որ ինքն ի պաշտոնե այդ խմբի ղեկավարն է և փոխարինում է Էդուարդ Շարմազանովին: Այսքանը, ոչ ավելին:

Դատելով բարեկամական խմբի անդամակազմից` կարելի է փաստել, որ մնացյալ 19 անդամներից մի քանիսն են ընդամենը, որ ընդհանրապես Վրաստանի տեղը գիտեն կամ կամ ինչ-որ չափով տեղեկացված են Վրաստանից և հայ-վրացական հարաբերություններից: Էդմոն Մարուքյանը նախկինում մի քանի անգամ եղել է Ջավախքում, ես ներկա եմ եղել այդ այցերին: Արմեն Փամբուխչյանը արմատներով Ջավախքից է, հուսով ենք, որ արյան կանչով օգտակար կլինի խնդիրների լուծմանը: Մխիթար Հայրապետյանը պետք է, որ տեղյակ լիներ խնդիրներից` նախկին իր պաշտոնից ելնելով: Վարդան Ղուկասյանը, անկախ ամեն ինչից, որոշ ուշադրություն տածել է: Հիշենք, թեկուզ, Թումանյանի ապրած տան գնման և համայնքին նվիրելու նրա նախաձեռնությունը, և… կարծես այսքանը: Հարգանքս մնացած բոլոր անդամների մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց այդ մարդիկ այս խմբում ուղղակի դիզայնի համար են, ուրիշ ոչինչ:

Ինձ կարող են հակադարձել բարեկամական խմբի մեր գործընկերները` ասելով, որ դրա համար կա ԱԳ նախարարություն, որը Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ համատեղ աշխատում է: Լավ, գոնե դեսպանատան մասով համաձայն եմ, իսկ այդ դեպքում ինչի՞ համար եք դուք, բարեկամնե’րս, ինչի՞ համար է ձեր կենսագրության մեջ լրացվում, որ դուք եղել եք ՀՀ-Վրաստան միջխորհրդարանային բարեկամական խմբի անդամ կամ ղեկավար: Իրականում հենց խորհրդարանական մակարդակով հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու, և այդ ոլորտում անգործություն ցուցաբերելու համար, օրինակ, քննադատել ենք 2012-2017 թթ. հինգերորդ գումարման ԱԺ-ի ՀՀ-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանին և նրա նախորդներին:

Ի դեպ, մի հետաքրքիր իրողություն ևս նկատվեց այս ոլորտում. ՀՀ Գերագույն խորհրդի և Վրաստանի խորհրդարանի միջև 1993 թ. մայիսի 19-ին կնքվել է միջխորհրդարանային համագործակցության մասին համաձայնագիրը, այն ուժը կորցրել է նոր` ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագրով, որի հոդված 4-ում նշված է հետևյալը. «Կողմերի փոխգործողությունների կազմակերպումը և համակարգումն իրականացնում է Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով մշտապես գործող հանձնաժողովը (այսուհետ` Միջխորհրդարանային հանձնաժողով)` կազմված Կողմերի ներկայացուցիչներից: Միջխորհրդարանային հանձնաժողովի գործունեությունը համակարգում են համանախագահները: Միջխորհրդարանային հանձնաժողովի համանախագահների թեկնածությունները և Կողմերի ներկայացուցիչներին հաստատում է յուրաքանչյուր Կողմ` իրենց ներքին կանոններին և ընթացակարգին համապատասխան»:

Շատ հետաքրքրական է, որ, սկսած 2017 թ.` վեցերորդ գումարման ԱԺ-ից, նշյալ Միջխորհրդարանային հանձնաժողովը վերածվել է բարեկամական խմբի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագիրը հստակորեն գործում է, և նրանում որևէ փոփոխության մասին տեղեկություններ չենք գտնում (մնացյալ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կամ պատգամավորական խմբերի ձևավորման պարագայում համապատասխան պայմանագրով դա հստակ նշված է, օրինակ` Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի հետ պայմանագրերում ևս), ապա կարելի է մատնանշել, որ կառուցվածքային այս փոփոխությունը հակասում է գործող պայմանագրին: Ցավոք, նույն իներցիայով բարեկամական խումբ է կազմավորվել նաև 2018 թ.` յոթերորդ գումարման ԱԺ-ի շրջանակներում, որի մասին մենք վերևում խոսեցինք:

Եվ վերջում` Վրաստանի նման բարդ պետության և հարևանի հետ պահանջվում է ամենօրյա անդուլ աշխատանք: Հավատացնում եմ, որ այդ երկրի հետ ՀՀ պետական պատկան այրերի ամենօրյա աշխատանքը մեր պետությանը, մեր պետականությանը, մեր անվտանգության համակարգին և կայուն զարգացմանը առավել քան անհրաժեշտ է, հազարապատիկ ավելի կարևոր, քան գեղեցիկ լուսանկարները հանրության քննարկմանը ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

պ.գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում