Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին դատավոր Դանիելյանը հայտարարեց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Այսօր այդ միջնորդությանը միացավ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Մ. Պողոսյանը նույնպես Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը նույնպես մերժվեց։

Դատախազները և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկել էին ներկայացված միջնորդություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում