Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը

Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ը դիմում է տեքստը ներկայացնում է ամբողջությամբ:

«Խորհրդի հարգելի անդամներ, Հայաստանի Հանրապետությունում, անկասկած, առկա է դատաիրավական լրջագույն բարեփոխումների և դատական իշխանությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտություն:

Անցած մեկ տարվա համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվեց ապահովել դատական իշխանության ներքին անկախությունը, դատական համակարգը համալրել իրապես որակյալ և անբիծ կենսագրություն ունեցող նոր կադրերով, սեփական ուժերով մշակել ու հաստատել մի քանի տասնյակ լրջագույն իրավական ակտեր, իրականացնել առաջին հայացքից չերևացող կարևորագույն բարեփոխումներ: Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Դատական դեպարտամենտի նվիրյալ ծառայողների ամենօրյա լարված աշխատանքը թույլ տվեց նաև վեր հանել դատարանների բնականոն գործունեությանը, արդարադատության որակին և արդյունավետությանը խոչընդոտող խնդիրների գրեթե ամբողջական սպեկտորը` Խորհրդի 2018 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում ուրվագծելով դատական իշխանության անկախության ու արդարադատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական հիմնական առաջնահերթությունները:

Համոզված եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախանշված, ինչպես նաև ներկայումս քաղաքական իշխանության կողմից հռչակված դատաիրավական բարեփոխումների ճակատագիրը և այդ բարեփոխումների իրականացման ընթացքում դատական իշխանության մարմինների ակտիվ դերակատարությունը մեծապես պայմանավորված են ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի և դրա առանձին անդամների նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակով, այլ նաև առկա խնդիրները Խորհրդի տվյալ կազմի հետ գործակցաբար լուծելու` դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների պատրաստակամությամբ:

Կարծում եմ, որ մեր երկրում իրականացվելիք դատաիրավական բարեփոխումները` ներառյալ դատական իշխանության հանրային ընկալմանը նպաստող բոլոր հնարավոր գործընթացները, պետք է առաջնորդի բացառապես հանրային վստահություն ներշնչող Բարձրագույն դատական խորհուրդը, որի անդամների մասնագիտական և անձնական որակները, ինչպես նաև ընտրության գործընթացը չի կարող կասկածի տակ դրվել որևէ անաչառ և ողջամիտ դիտորդի կողմից:

Թեև երբեք կախված չեմ եղել ու ներկայումս էլ կախված չեմ որևէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից և մասնագիտական գործունեության մեջ մշտապես նվիրված եմ եղել իրավունքի գերակայության սկզբունքը ներդնելու, քարոզելու և անձամբ պահպանելու գաղափարին, վերոշարադրյալի լույսի ներքո և Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ անվստահության մթնոլորտը վերացնելու նկատառումներով այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում:

Հիմք ընդունելով շարադրվածը` խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Բարձրագույն խորհրդի առաջիկա նիստում լիազորություններս համարել դադարած` խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով Խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի և անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով»,- նշված է հրաժարականի տեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում