Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան

Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ,  Aysor.am: Դա Քենեդու սպանությունը չէր, ամբողջ քաղաքը կամերաներ կա, ամբողջ ժողովուրդը խոսում է, թող իրավապահներն իրենց մասնագիտական գործը կատարեն, այսօր լրագրողնրի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ի աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի տան և մեքենայի հրկիզման գործին։

«Ես ասել եմ, եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն», – նշեց Ծառուկյանը։

Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի հայտարարությանը, որ Աբովյանը չպետք է դառնա «գործ տվողների» քաղաք, ԲՀԿ առաջնորդն ասաց.

«Ես ասել եմ՝ ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոք գրելու մասին է եղել խոսքը»։

Անդրադառնալով Կոտայքի մարզետի հայտարարությանն ընտրություններից հետո, թե «սա արժանապատիվ քաղաքացիների պարտություն էր», Գագիկ Ծառուկյանն ասաց՝ «եթե որևէ մեկը ժողովրդին կարող է ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ»։

«Աբովյանցիները կատարել են իրենց պարտքը՝ անկախ նրանից ՝ Գրիգորին են տվել, Վահագնին են տվել, Մանուկին են տվել, Սասունին են տվել, մարդը կատարել է իր պարտականությունը ։ Նորից եմ ասում՝ աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ, իսկ եթե որևէ մեկը կփորձի աբովյանցիներից որևէ մեկին ասել անարժանապատիվ, ուրեմն հենց ասողն է անարժանապատիվ»։

Խոսելով այս գործով իրեն հարցաքննության հրավիրելու մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դրանով իրեն վիրավորել են։

«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել։ Ում պետք է, թող ուղարկեն ու իրենց պարտականությունը կատարեն, գործը բացահայտեն։ Մենք ասել ենք մեր կարծիքը՝ եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է», – նշեց ԲՀԿ առաջնորդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում