Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին

Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

«Դուք չեք կարող քննել այս գործը։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի, շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում և այլ անձանց, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ այսօր ներկա գտնվելու համար», – ասաց նա։

Սևակ Թորոսյանը խոսեց դատավորի վարկանիշի մասին՝ նշելով, որ 8-ից ցածր վարկանիշ ունի. «Փաստաբանական հանրության կողմից նման ցածր վարկանիշ վայելող դատավորը չի կարող քննել նման հանրային հնչեղություն ունեցող գործը։ Իրականում այս գործը ամենակարևոր գործերից է Հայաստանի անկախությունից ի վեր։ Սույն գործով առկա է օբյեկտիվ մտավախություն նշված դատավորի կողմից ներկայացվելիք դատական ակտերի որակի, ինչպես նաև վերջինս անկողմանակալության կապակցությամբ։ Գործի վարույթը պետք է հանձնարարվի ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների վստահության ու գնահատանքին արժանացած դատավորի»։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը. «Երկու առանձին, տարբեր օրերին ներկայացված, տարբեր հարցերին վերաբերող դատական ակտեր են։ Յուրաքանչյուր դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները պետք է քննվեն առանձին, կայացվեն առանձին որոշումներ։ Սակայն միացրել եք մեկ վարույթում երկու բողոքները, մեկ դատավարության ընթացքում պատրաստվում եք ստուգել երկու դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության հարցը։

Դատական պրակտիկայում հայտնի չէ որևէ դեպք, երբ վերաքննիչ դատարանն անձի խափանման միջոցի հարցը քննության առնի մեկ այլ, խափանման միջոցի հետ առնչություն չունեցող հարցի հետ միաժամանակ։ Այն, ինչ հիմա դուք պատրաստվում եք անել, նախատեսված չէ օրենքով, օրենքով չունեք նման գործողություն կատարելու լիազորություն։ Այսպիսի դատավարությունը խախտում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1 կետով ամրագրված պարոն Քոչարյանի իրավունքը»։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անցած նիստին դատավորին նույնպես ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, սակայն այն մերժվել է։

Այսօր դատավորին ինքնաբացարկ է հայտնել նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավարության ընթացքում պարզվեց, որ դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավորին։

«Կարծում եմ, որ պետք է ինքնաբացարկ հայտնեք։ Մեկը չարտահայտվեց, որ ձեզ վստահում է։ Մեծ մասն ասացին, որ չեն վստահում, դատախազներն էլ չասացին, որ վստահում են, ինչ որ վերապահումներ արեցին։ Դրա համար կարծում եմ, որ դուք արդեն իսկ պետք է ինքնաբացարկ ընդունեք»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում