Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն

Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, դատական համակարգի անկախության և անկողմնակալության ապահովման համար: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների երրորդ ծրագրի» մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարի պնդմամբ` Հայաստանը ցույց է տվել, որ ցանկանում է լինել այնպիսի երկիր, որը մոդելավորված կլինի եվրոպական չափանիշներով, ամուր կանգնած կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների միասնական արժեքների գերակայության վրա: «Այս տարի մեր ձգտումը ավելի մեծ է, բյուջեն՝ բավական հավակնոտ` 18,9 միլիոն եվրո, և այն կենտրոնացված է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարության համար գերակա են: Դրանք հիմնականում ուղղված են դատական համակարգի ոլորտի բարեփոխումներին»,- ասաց Մնացականյանը:

Նախարարի կարծիքով` դա ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն արտացոլվում է այս կառավարության վճռականությամբ և հանձնառությամբ:

ԱԳ նախարարը վստահ է, որ այս ծրագիրը լավագույնս կծառայի Հայաստանի դատական բարեփոխումների իրականացմանը, և 2021 թվականին պետությունը կունենա շոշափելի արդյունքներ:

«Կառավարությունը շատ պարզ ձևակերպեց, որ ամեն ինչ կանի դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը ապահովելու համար` որևէ ճնշում չգործադրելով դատական իշխանությունների վրա»,- ասաց ԱԳ նախարարը:

Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել այս բարեփոխումների իրականացմանը:

«Այդպիսին է Եվրոպայի հետ մեր համագործակցության իմաստը: Մեկ շաբաթում Եվրոպայից եկան բարձրագույն մակարդակի փորձագետներ, ովքեր սկսեցին աշխատել դատական բարեփոխումների և բովանդակության, և ֆինանսավորման ուղղությամբ: Սա ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այս համագործակցությունը: Մեզ համար իսկապես արդար և անկողմնակալ դատական համակարգի բարեփոխման ծրագիրն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ամբողջ փիլիսոփայությունը»,- եզրափակեց Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում