Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Մ. Գրիգորյանի փաստաբանները կրկին խոսեցին այն մասին, որ Մանվել Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոցից հարկադրաբար է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ։

«Դա դիտում ենք անօրինականություն, դրա գնահատականը Հայաստանի պետական լիազոր մարմինները պետք է տան։ Դա է պատճառը, որ մեր պաշտպանյալը հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալուց»,- հայտարարեց պաշտպան Լ. Բաղդասարյանը։

Նա նշեց, որ ամիսներ շարունակ բարձրացրել են կալանքի ընթացքում հիվանդությունների բացասական դինամիկայի, ինչպես նաև խոշտանգման փաստի մասին։

«Խոշտանգումից զատ անձի նկատմամբ հաշվերհարդար տեսնելու միտում ենք տեսնում»,– ասաց փաստաբանը։

Մեղադրող կողմը հայտարարեց, որ բողոքներն անհիմն են, ենթակա են ամբողջության մերժման, առաջին ատյանի դատարանի որոշումն օրիանական է, այն բեկանելու հիմքեր չկան։

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 18-ին, ժամը 09։55-ին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լ. Բաղդասարյանը դժվարացավ ասել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը։

«Բայց հաշվի առնելով օրեր առաջ վարչապետի դիրքորոշումը, որ դատական իշխանությունը գտնվում է խայտառակ վիճակում, շատ հարցերում գործադիրի կոշիկի տակ, յուրաքանչյուր դատավոր այսօր մտածելու խնդիր ունի»,- նշեց փաստաբանը։

Նա կրկնեց, որ նման հիվանդությունների տեր մարդուն պահել կալանքի տակ, անգամ չկիրառելով գրավ, միանաժանակ դիտում է ոչ միայն խոշտանգում, այլև ուղղակի հաշվեհարդար։

Լ. Բաղդասարյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում խնամակալի ինստիտուտ գոյություն չունի, ուղղակի հաշվ առնելով հիվանդի այն վիճակը, որ արդեն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժել, նպատակահարամար համարեցին, որ հիվանդասենյակում լինի նաև խնամակալ։

«Բժշկական անձնակազմը բավականին հոգատար է, բայց տվյալ դեպքում այդ բացառիկ գործառույթն իրականացվեց, որովհետև 24-ժամյա ռեժիմով կարիք ուներ խնամակալի»,- ասաց փաստաբանը։

Լ. Բաղդասարյանը չհայտնեց, թե ով է խնամակալը։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում