Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր

Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածություն առաջադրելը հակաօրինական է, և ինքը չի կարող դրա վրա աչք փակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ օրենսդրական խնդիր կա, և օրենքով կա դրված հստակ պահանջ (խմբ. եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու): Սկզբում ձեզնից (Իմ քայլը խմբակցություն) ոմանք ասացին, որ այդ պահանջը չի խախտվում այս առաջադրումով, հետո ձեզնից ոմանք ասացին, որ նման պահանջ կա, բայց դա հակասահմանադրական է: Երկու տեսակետների հետ առնչվելիս կտեսնենք այս խնդրի իրավական լուծման ճանապարհը: Եթե տեսնում էինք, որ խնդիր կա, քաղաքական մեծամասնությունը կարող էր օրենքի դրույթում փոփոխություն կատարել: Բայց այս պահանջն անտեսելն ու առանց դրա քաղաքական որոշման գնալը մեր կարծիքով լավագույն ճանապարհը չէ դեպի իրավական պետություն: Որքան էլ հարգեմ Գրիգորյանի անձն ու անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չենք կարող անտեսել օրենքի պահանջը»,– ասաց Սիմոնյանն ու շեշտեց, որ վաղվա իրավական պետության կառուցումը պետք է անցնի բացառապես օրենքով սահմանված կարգով:

Սիմոնյանը նշեց, որ Գրիգորյանին վաղուց ճանաչում է նրա մասնագիտական գիտելիքները չափազանց բարձր են, նրա անցած ճանապարհը շատ կարևոր և ուսանելի է, նրա համառությունն ընդգծելի և օրինակելի է: Բայց միևնույն ժամանակ Սիմոնյանը շեշտեց, որ այստեղ կարևորագույն խնդիրը միայն անձնական և մասնագիտական հատկանիշները չեն:

«Իրավական պետություն կառուցելը միայն գաղափար չէ: Իրավական պետությունը ճանապարհ է, և դա պետք է օրենքով սահմանված կարգով անցնենք, այլապես կշեղվենք իրավական պետությունից»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում