ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

Aysor.am-ի հավաստի տեղեկություններով՝ խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է, որը պաշտոնավարել է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում