Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ

Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Այս շաբաթ տրվեց «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի» պաշտոնական մեկնարկը։ Ավելի վաղ, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի Բրյուսել կատարած այցի շրջանակներում հաստատվեց նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը:

Այս երկու փաստաթղթում Հայաստանի դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումներին անդրադարձի մասին զրուցել ենք «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:

«Երկու փաստաթղթում էլ ընդգծվում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: Մասնավորապես նշվում է, որ ԵԽ կշարունակի սատարել Հայաստանի ջանքերին` համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ` ընդգծելով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն առաջընթաց է գրանցել դատական բարեփոխումների իրականացման մեջ», – նշեց փորձագետը` հիշեցնելով նաև, որ միջազգային հանրությունն այս կապակցությամբ իր բոլոր հայտարարություններում ընդգծում է, որ դատաիրավական համակարգի փոփոխությունները պետք է համապատասխանեն ՀՀ սահմանադրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Այսպիսով, միջազգային հանրության կողմից Հայաստանում անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են, եվրոպական կառույցները կարևորում են ռազմավարության մշակումը` եվրոպական չափանիշներին համապատասխան իրավական ակտերի ընդունման միջոցով, և աջակցություն են հայտնում հենց այդ գործընթացին: Իսկ, հաշվի առնելով, որ դատական ոլորտի բարեփոխումների տեսանկյունից և´ Եվրոպական միությունը, և´ Եվրոպայի խորհուրդը կարևորում են դատավորների ծանրաբեռնվածության նվազեցումը, ակնհայտ է, որ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանում անցումային արդարադատությանը և առավել ևս վեթինգի կիրառմանն աջակցության մասին: Վեթինգի ներդրումը, որպես կանոն, հանգեցնում է դատական համակարգի գերծանրաբեռնավածության», – նշեց փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում