«168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին

«168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին

«168 Ժամ» թերթի հետ զրույցում Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը՝ անդրադառնալով Կոպիրկին-Քոչարյան հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Եթե ՀՀ ԱԳՆ-ն հստակ փաստեր ունենար ՀՀ ներքին գործերին միջամտելու հարցի վերաբերյալ, ապա կաներ հայտարարություն, իսկ ընդհանրապես զրույցի միջոցով ասել, թե քրեական հետապնդման է ենթարկվում, պետք չէ հանդիպել, կարելի է ասել, բայց այս ցուցադրական ձևական գործելաոճը թույլ է տալիս ասելու, որ դա տապալված ակցիա էր»:

Ըստ նրա՝ եթե կային երկրի ներքին գործերին միջամտության կասկածներ, ապա համապատասխան հայտարարություն պետք է լիներ, հետագայում տեքստ լիներ, ՀՀ ԱԳՆ-ի կողմից պաշտոնապես ասվեր, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին։

«Դա կլիներ ճիշտ, արդար ու ավելի նորմալ, եթե պաշտոնապես հայտարարվեր, դա կլիներ նորմալ դիվանագիտական աշխատանք, բայց քանի որ դա ևս տապալված է նոր ՀՀ իշխանությունների ոճով, զվարճալի ձևով է տեղի ունենում»,- ասել է Կարախանյանը։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում մի քանի անախորժ միջադեպեր են տեղի ունեցել, ինչպիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեծված իրավիճակը, Լավրովի հայտնի հայտարարությունները, այս դիպվածը և այլն։ Հարցին, թե այս միտումները դեպի ո՞ւր են տանում հայ-ռուսական հարաբերությունները, նա պատասխանել է՝ «շատ լավ բանի չեն տանում»։

Ըստ նրա՝ եթե ՌԴ-ն տրվի այս հուզական ֆոնին, ինչին ՀՀ իշխանություններն են տանում, կլինի հարաբերությունների վատթարացում, լարում:

«Ռուսաստանը հստակ դիրքորոշում ունի՝ Հայաստան պետությունը ՌԴ դաշնակից պետությունն է: Այսինքն՝ ՀՀ-ում իշխանությունները կգան՝ կգնան, բայց ՀՀ-ն կմնա ռազմավարական դաշնակից երկիր։ Այսօր ՌԴ-ն պահպանում է բոլոր երաշխիքները, ՀՀ շահերին դեմ ոչինչ չի անում: Բայց անընդհատ քարոզչական հեքիաթները, ծիծաղաշարժ քայլերը… հասկանում ենք, քարոզչական խաղեր են, որոնք լավ բանի չեն բերելու նրանց, ովքեր դրանք կազմակերպում են՝ լինեն դրանք իշխանական ռեժիմի՞ց, թե՞ նրանց հետ համագործակցող խմբերից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում