Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին

Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել Ստամբուլի ընտրողներին: Հունիսի 19-ին թուրքական Ֆիքրի Ասըմ ընկերության կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը, դիմելով Ստամբուլի բնակչությանը, կոչ է արել հունիսի 23-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ քվեարկել «Արդարություն և Զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին:

«Դուք լավ գիտեք, թե մեր կուսակցության պաշտոնավարման տարիներին ինչ քայլեր ենք իրականացրել՝ հօգուտ մեր ստամբուլաբնակ քաղաքացիների: Եթե Բինալի Յըլդըրըմն ընտրվի քաղաքապետ, ապա վստահ եղեք, որ 24-25 տարի շարունակ իրականացվող բարեփոխումներն ավելի բարձր մակարդակով են շարունակվելու», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Խոսելով Հանրապետա-Ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ ի տարբերություն Բինալի Յըլդըրըմի, Իմամօղլուն կառավարման ոլորտում փորձ չունի: Մինչդեռ Բինալի Յըլդըրըմը եղել է պատգամավոր, նախարար, վարչապետ, նաև՝ Ազգային ժողովի նախագահ:

Էրդողանի խոսքով՝ ժողովրդավարությունը ձևավորվում է քվեատուփի մոտ, մինչդեռ Հանրապետա-Ժողովրդական կուսակցության անդամները կարծում են, որ այն ձևավորվում է փողոցում, երբ ժողովուրդը իր ազատ կամքն է արտահայտում ցույցերի և հեղափոխությունների միջոցով: Էրդողանի համոզմամբ՝ անհրաժեշտ է կրակի օրը նրանց ապացուցել, որ սխալվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում