Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ

Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՌԴ Դաշնության խորհուրդն ու Պետդուման կազմավորել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանի պատվիրակության կազմը: Պատվիրակության կազմում ընդգրկվել են 7 սենատոր և 11 պատգամավոր: Այս մասին գրում է Ria-ն։

Դաշնային խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը կգլխավորի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը: Պատվիրակության մեջ ընդգրկված են նաև Ալեքսանդր Բաշկինը, Անդրեյ Էպիշինը, Սերգեյ Կալաշնիկովը, Վլադիմիր Կոժինը, Տատյանա Լեբեդևան ու Սերգեյ Լիսովսկին:

Ստորին պալատը կներկայացնեն փոխնախագահներ Պյոտր Տոլստոյն ու Իգոր Լեբեդևը, ղեկավար կոմիտեի, ԱՊՀ երկրների հարցերով Լեոնիդ Կալաշնիկովը, միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, պատգամավոր Սվետլանա Ժուրովան, Սերգեյ Պախոմովը, Օկսանա Պուշկինան, Իրինա Ռոդնինան, Նիկոլայ Ռիժակը, Շամսաիլ Սարալիևն ու Վերա Գանզյան։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից 2014թ․-ին՝ Ղրիմի ՌԴ-ին միացումից հետո, ու արդեն 4 տարի չէր մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին։

Եթե վեհաժողովը հունիսի 24-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի առաջին օրը կողմ քվեարկի բելգիացի պատգամավոր Պետրա դը Սուտերի զեկույցին, ապա ՌԴ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին։

Նշենք նաև, որ այս նստաշրջանում ԵԽԽՎ-ն պետք է ընտրի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում