«Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ)

«Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ եկամտահարկի համահարթեցման սկզբունքի։ Երեկվանից սկսած նստացույցի անդամները վստահեցնում են, որ գիշերը խաղաղ է անցել, իսկ նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև խորհրդարանը քննարկի ու քվեարկի Հարկային օրենսգիրքը։

Նրանք հույս ունեն, որ խորհրդարանական ընդդիմությունը կսատարի իրենց։

Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը:

«Ըստ այդմ` մենք առաջարկում ենք սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից, առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում»,-ասում են ակցիայի մասնակիցները։

Ավելի ուշ ցուցարարներին մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զրուցել և, ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, խոստացել է ուսումնասիրել նախագիծն ու կարծիք հայտնել։

Հիշեցնենք, որ «Ահազանգ» շարժումը մինչ այս ԱԺ-ի դիմաց արել է «հավերի ակցիան», իսկ կառավարության դիմաց՝ «դրամապանակների ակցիա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում