Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է

Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայաստանում իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում ինչ-որ քաոտիկ, անհասկանալի վիճակ է, անհասկանալի է թե ներսում, թե Արցախի մեր հայրենակիցների, համանախագահ երկրների համար։ «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Տեղի ունեցավ ինչ-որ գործընթաց, որը որևէ կերպ տրամաբանական հունի մեջ տեղավորել չի ստացվում»,-ընդգծեց նա։

Վերլուծաբանը նշեց, որ փորձ է արվել հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից այլ տեղերում քննարկման առարկա դարձնել. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենյան համաժողովի հետ ձեռք էր բերում հարցն այնտեղ քննարկելու պայմանավորվածություններ։ Ինչի՞ համար, ի՞նչ ակնկալով, ի՞նչ նպատակով, երևի մենակ ինքն ու Աստված գիտեն, բայց նա չբացատրեց։ Այլ հարց, որ դա տեղի չունեցավ, բայց միտումը հետաքրքիր էր»։

Խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ վերլուծաբանն ընդգծեց. «Այն կարգի ենք Ադրբեջանի հանրությանը պատրաստել խաղաղության, որի արդյունքում տեսում ենք էսկալացիայի հերթական դրսևորում, աննկարագրելի արագությամբ և հաջողությամբ օրակարգի առաջին կետից հետ մղեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնց ամբողջ բնույթը կայանում էր նրանում, որ պետք է լինեն միջազգային գործիքներ սահմաններում տիրող իրավիճակի վերահսկման առումով։ Դա փոխարինեցինք Դուշանբեի պայմանավորվածությամբ»։

«Մի բան պարզ է, որ Ադրբեջանի ընկալմամբ հաջողությամբ փոխանցած համանախագահներին, «շատ կոնստրուկտիվ» Ադրբեջանը ժամանակ է տվել Հայաստանի իշխանություններին իրավիճակը լիովին տիրապետելու, պատկերացնելու, հույս ունենալով, որ այդ ամեն ինչից հետո պետք է ունենա ինչ-որ դիրքերի ավելի բարելավում։ Հույս ունենալով՝ օդո՞ւմ, հույս ունենալով անհիմն տե՞ղը, թե՞ հույս ունենալով ինչ-որ խոստումների հիման վրա, թողնում եմ ընթերցողների և լսողների պատկերացմանը, նրանց տպավորությանը»,- ասաց Կ. Բեքարյանը։

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այս վերջին ժամանակահատվածի համար ունեցան այն կարգի դղդրդյուններ, որոնք կբավարարեին երևի մի 40 տարում։ Վերլուծաբանի խոսքով, դա սկսվեց ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի հետ կապված գործընթացով։

ԱՄՆ ուղղությունը, նրա բնորոշմամբ, նույնպես անամպ չէ, այստեղ էլ որևէ կերպ չի երևում հետաքրքրվածություն։

«Այս ամենն այն պարագայում, երբ որ ընդհանրապես անվտանգային միջավայրը մեր շուրջ բավականին խոցելի է։ Բավական է նայել միայն ամենօրյա սրացումները ԱՄՆ-Իրան համատեքստում»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, Կ. Բեքարյանի խոսքով, շատերի ակնկալիքները չիրականացան. այսօր վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկ չկա, վերջին փաստաթղթով նորից, որը մի քանի անգամ չկար, խոսվում է դյուրացման հերթական էտապի մասին. «Սա նշանակում է, որ ազատականացումը հետ է մղվում առնվազն անորոշ ժամանակով»։

«Եվրոպական ուղղության հետ արվող մեծագույն բլեֆը՝ անցումային արդարադատություն, վեթթինգ և իբր թե եվրոպական համայնքի լիակատար աջակցությունն այդ հարցերում։ Աննկարագրելի բլեֆ է, որովհետև Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհորդը նույնկերպ պատրաստակամ են, ինչ եղել են միշտ, նպաստելու և օգնելու Հայաստանին իր դատաիրավական բարեփոխումների, ռեֆորմների մեջ իր իսկ ընդունած ռազմավարությունների շրջանակներում, բայց որևէ կերպ չհակասող Հայաստանի Սահմանադրությանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Պատահական չէ, որ եվրոպական երկու ուղղությունից էլ որևէ փաստաթղթում վեթթինգի, անցումային արդարադատության անուն չեք տեսնի»,– ասաց Կարեն Բեքարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում