Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան

Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Նախկին իշխանությունների ժամանակ Հայաստան-արտաքին աշխարհ հարաբերություններում Հայաստանը երկու կամ երեք կարևոր հարց էր առաջարկում աշխարհին»,- այսօր «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ առաջինն անվտանգությունն ու կանխատեսելիությունն էր Հարավային Կովկասում. «Գիտենք, որ թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված էին հենց դրանով։ Դա ՀՀ-ն և Արցախը հիանալի կատարում էին և որպես պրոդուկտ այդ անվտանգությունը տալիս էին միջազգային հանրությանը, այլ հարց է, որ միշտ չէ, որ մենք թանկ էինք վաճառում այդ անվտանգությունը, բայց ամեն դեպքում խնդիրը կար և այն լուծվում էր հայկական զինված ուժերի կողմից և դիվանագիտությունն ինչ-որ ձևով դա ներկայացնում էր արտաքին գործընկերներին ու դրանով հանդերձ դառնում էր հետաքրքիր գործոն տարածաշրջանում՝ որպես անվտանգություն ապահովող կողմ»։

Երկրորդ հարցը, ըստ նրա, այն է, որ Հայաստանը հենվելով իր պատմական անցյալի վրա, բարձրաձայնում էր աշխարհում շատ ակտուալ դարձած՝ մարդության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը։

«Հայաստանը դրա մասին բարձրաձայնելով՝ ձևավորում էր մի միջավայր, որտեղ քաղաքակիրթ աշխարհը կարող էր համատեղ ջանքերով պայքարել այդ հանցագործությունների դեմ։ Այն շատ ակտուալ հարց էր հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ հայկական գործոնը շատ ուժեղ է։ Այդ գաղափարը մենք բարձրաձայնել ու հասցրել էինք միջազգային մակարդակ, ունեինք և հիմա էլ ունենք բոլոր շանսերը դառնալու մարդկության համար այս խնդրի կարևոր առաջամարտիկ։ Բայց հայտարարելով շարունակականության մասին, ըստ էության, այդ բանը տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ, կարծում եմ, բացառապես մեկ պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեր արտգործնախարարը հասկացել է, որ ինչ պայմանավորվում է, կամ ինչ նախագծվում է, ի չիք է դառնում, երբ գործին միջամտում է երկրի վարչապետը»,– նշեց Մելիք-Շահնազարյանը։

Նա հավելեց, որ շատ է խոսում այն մասին, թե անվտանգության մակարդակը բարձրացել է առաջնագծում. «Բայց բոլորս տեսնում էինք, և սեպտեմբերից մինչ օրս անընդհատ բարձրաձայնում էինք, որ այդպես կոչված հանդարտությունը հակառակ կողմ օգտագործում է էլ ավելի բարենպաստ դիրքերից հետագայում ագրեսիա գործադրելու համար։ Այդ մի քանի ամիսների, այդպես կոչված, չակերտավոր հարաբերական անդորրի գինը վճարվում է առաջնագծում զոհերով։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենն այս պահին ցույց տալ արդյունքներ»։

Նա հավելեց, որ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից իշխանություններին ուղղված հիմնական մեսիջը պետք է դառնա այն, որ ինչ անում եք դուք, անմիջական սպառնալիք է դառնում մեր անվտանգության խնդիրներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում