Նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում. Հերմինե Մխիթարյան

Նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում. Հերմինե Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am:  Հունիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սառա Անջարգոլյանը նշանակվեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։ Ավելի վաղ` հունիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար էր նշանակվել Զարեհ Սինանյանը: Այս նշանակումների, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին զրուցեցինք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:

«Սփյուռքի հետ աշխատանքը բարդ աշխատանք է` հաշվի առնելով այն, որ սփյուռքն ինքը միատարր չէ: Հայկական գաղթօջախները շատ տարբեր են` աշխարհագրությամբ, Հայաստանի հետ իրենց կապերով, քաղաքական հայացքներով: Եվ սփյուռքի հետ աշխատանքներում այս ամենը պիտի հաշվի առնվի: Ի վերջո, ինքնանպատակ չէր այն, որ նախկինում Հայաստան-Սփյուռք աշխատանքների համակարգումը կազմակերպվում էր այնպես, որ որևէ կերպ այս կամ այն համայնքի ներգրավվածության տեսակետից անհամաչափության խնդիր չառաջանար:

Զարեհ Սինանյանի նշանակումը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում հաշվի չառավ վերոնշյալ այդ մոտեցումը (չմոռանանք, որ պարոն Սինանյանը Գլենդելի նախկին քաղաքապետն է): Սակայն ավելի մտահոգիչ է հաջորդ նշանակումը: Ստացվեց, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնում ևս նշանակվեց ամերիկահայ համայնքը ներկայացնող Սառա Անջարգոլյանը: Կարծում եմ ավելի նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում` առավել ևս, որ դժվար է պատկերացնել, թե Գլենդելի նախկին քաղաքապետը որքանով ընկալելի ու ընդունելի կլինի օրինակ` Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի կամ այլ հայկական համայնքների համար: Նման հարցերը սփյուռքի հետ հարաբերությունների համատեքստում չի կարելի մանրուք համարել», – ամփոփեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում