Ի՞նչ են ուզում իշխանությունները անել, որ ՍԴ-ի ներկայիս կազմը խանգարում է

Ի՞նչ են ուզում իշխանությունները անել, որ ՍԴ-ի ներկայիս կազմը խանգարում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Գերմանացի եկեղեցական Մարտին Նիմյոլերի «Երբ նրանք եկան…» հայտնի տողերը վերջերս հաճախ են մտքովս գալիս: Պատճառը երկրում տեղի ունեցող վտանգավոր գործընթացներն են, որոնք ուղղակիորեն ինձ չեն առնչվում, սակայն անուղղակիորեն ազդելու են բոլորիս վրա: Այդպիսի մի գործընթաց սկսել է նաև այսօր:

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը ինքն իրեն այսօր հռչակել է ՍԴ նախագահ, իսկ «Իմ քայլ»-ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանությանը կոչ է արել ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին վաղը դատարանի շենք ներս չթողնել: Ոչ իրավաբանի աչքերով էլ ակնհայտ է, որ գործընթացը հակաիրավական է, և եթե իշխանությունը վաղը չապահովի Հրայր Թովմասյանի բնականոն գործունեությունը, ապա վերջնականապես կհաստատվեն իմ կասկածներն առ այն, որ ժողովրդավարական կարգախոսներով եկած իշխանությունը գնում է երկրում ավտորիտորիզմ հաստատելու ուղիով:

Վահե Գրիգորյանի և պատգամավորի նշած սցենարը նախ առաջացնելու է լուրջ իրավական ճգնաժամ, քանի որ կասկածի տակ է առնվում ՍԴ-ի՝ առնվազն վերջին մեկ տարվա գործունեության լեգիտիմությունը: Նման զարգացումը, մեղմ ասած, բացասաբար կազդի նաև երկրի ժողովրդավարացմանը, քանի որ երկրում իշխանությունից անկախ ինստիտուտների ջախջախման գործընթացը իշխանություններին վերջնականապես ազատելու է որևէ կապանքից և ուղիղ ճանապարհ է բացելու դեպի ավտորիտարիզմ: Դա է ցույց տալիս մարդկության պատմություն: Դա է ինձ հուշում իմ մասնագիտական կրթությունը:

Ամենից զատ, անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները ուզում անպայման «գրավել» ՍԴ-ն: Ինչո՞վ է ներկայիս ՍԴ-ն խանգարում երկրի զարգացման: Ի՞նչ են ուզում իշխանությունները անել, որ ՍԴ-ի ներկայիս կազմը խանգարում է: Երկու պատասխան կարող է լինել՝ կամ ուզում են հակասահմանադրական գործընթաց սկսել, ուստի լոյալ ՍԴ-ի կարիք ունեն, կամ էլ պարզապես մինչև վերջին գյուղապետարանը ՔՊ-ական չդառնա, հեղափոխությունը իրեն ապահով չի զգալու:

Վերջում տեղադրեմ Նիմյոլերի հայտնի խոսքերը այն մարդկանց համար, ովքեր հասկանում են տեղի ունեցողի վտանգավորության աստիճանը, բայց կարծում եմ, որ իրավիճակը իրենց չի վերաբերում. «Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն այլևս մարդ չկար, որ պայքարեր ինձ համար»…

Սպասենք վաղվան:

Դավիթ ՄԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում