«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Սահմանդրական դատարանի դիմաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցներն ու աջակիցներն այս պահին շտապ հավաք են իրականացնում։ Շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին չխանգարել ՍԴ բնականոն աշխատանքը, չխոչընդոտել ՍԴ աշխատակիցների ելքն ու մուտքը։

«Մենք այստեղ ենք լրիվ ուրիշ նպատակով, այստեղ ենք, մեր ուժերով ապահովենք Սահմանդրական դատարանի բնականոն աշխատանքը, որն արդեն մի քանի օր է՝ մի խումբ անլվաներ, փորձելով ներկայանալ որպես ժողովուրդ, փորձում են խափանել։ Մենք այստեղ ենք, որպեսզի այդ մի խումբ անլվա ու ինքնակոչ ժողովրդին ցույց տանք իրենց տեղը։ Առավոտ այստեղ էին այդ անլվաները, նրանցից շատերի անունները չգիտեմ, նույնիսկ մարդ կա, որին ուղղահայաց դիրքով չեմ տեսել։ ՍԴ-ն պետք է աշխատի բնականոն հունով, ով սա չի հասկանում, շատ մատչելի ես կբացատրեմ իրեն»,-հայտարարեց Նարեկ Մալյանը։

Նա ասաց, որ ակցիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։

Ավելի վաղ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խումբը տարածել էր շտապ հավաք կազմակերպելու մասին հայտարարություն, որտեղ ասված էր.

«ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, որը զուգորդվեց կառավարական շենքերի ապօրինի արգելափակմամբ, Ազգային ժողովի ապօրինի շրջափակմամբ, պատգամավորների նկատմամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա հրապարակային և բացահայտ ճնշումներով, ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով ՀՀ Սահմանադրության, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ բացահայտ ծաղրի:
Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է, թքած ունենալով Սահմանադրության և օրենքի վրա, ինքնահռչակվել իր երազած պաշտոնին:

Իշխող քաղաքական ուժը բուծել է խուլիգանախմբեր, որոնց հռչակել է «ժողովուրդ», ֆեյքերի ջոկատներ, որոնց հռչակել է «ժողովրդի ձայն» և դրանց միջոցով հանրությանը պարտադրում է իր ապօրինությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք սկսելու մասին: Այդ նպատակով «ՎԵՏՕ»-ն սկսում է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և մտահոգ անհատների հետ խորհրդակցությունների շարք՝ Հայաստանում տապալված սահմանադրական կարգի վերականգմանն ուղղված ճանապարհային քարտեզի, գործիքակազմի և ժամականացույցի մշակման ու իրագործման նպատակով:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ-ում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծումների և դրանով պայմանավորված՝ հետագա սրացումների, լարվածության, հնարավոր բոլոր բախումների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

Տեսանյութը՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում