Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է

Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Ծայրահեղ բևեռացման ֆոնի վրա վտանգը կարող է լինել ցանկացած կողմից այն իմաստով, որ ոչ թե պլանավորված կամ չպլանավորված… Տեսանք՝ ինչ եղավ առաջին ատյանի դատարանի որոշումից հետո, երբ սոցիալական ցանցերում հեռախոսի համար, հասցե էր շրջանառվում»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պատասխանեկով հարցին, թե ումի՞ց է վախենում Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, որ դիմել է ոստիկանությանն անվտանգությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ «Իրավաբան.net»-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորներ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

Ա. Օրբելյանն ասաց, որ օրենսդրության մեջ կա համապատասխան կարգավորում, որը թույլ է տալիս դատավորին, որը կոնկրետ գործ է քննում, ու եթե կա մտավախություն, դիմել և խնդրել անվտանգության հավելյալ միջոցներ։

Հարցին՝ ո՞ր կողմից ունի մտավախություն, փաստաբանը պատասխանեց. «Որ կողմի խնդիրը չէ, ընդհանրապես կա մտավախություն, որովհետև ծայահեղ բևեռացված հասարակության մեջ ցանկացած բառ, քննարկում, խոսք… կարող է լինել և մեր աջակիցների կողմից, և հակառակորդների կողմից, ցանկացած երրորդ ուժի կողմից, որն այս գործի մեջ իր շահագրգռվածություն ունի, կարող է լինել ցանկացած խմբավորման կողմից։ Այստեղ պետք չէ դիտարկել կոնկրետ անձից, կոնկրետ կողմից, անվտանգության խնդիր է դրված, պետք է դիտարկել, որ դատարանը զգում է, որ հասարակության մեջ կա ծայրահեղ լարվածություն, փորձել է ապահովել իր անվտանգությունը։ Սա դիտարկում են ընդամենը փաստ, ոչ թե որպես կողմերի խնդիր՝ ումից է վախենում։ Ընդհանուր առմամբ, դատարանը որևէ մեկից չի վախենում, բայց խնդիր ունի մի քայլ ավելի ապահովել անվտանգությունը»։

Հիշեցնենք, որ վաղը Վերաքննիչ դատարանը հրապարակելու է դատական ակտ՝ դտախազությունը և տուժող կողմի բողոքների հետ կապված։ Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

Հարցին, թե ի՞նչ որոշում եք ակնկալում, Ա. Օրբելյանն ասաց. «Եթե չի վերսկսվելու, հնարավորություն չի տրվելու, որպեսզի դիրքորոշում հայտնի պաշտպանական կողմը, ակնհայտորեն պետք է լինի բողոքները մերժելու որոշում»։

Նա նշեց, որ իրենք բարձրաձայնել են, դատարանը պետք է ինքնաբացարկ հայտներ. «Եթե գործ պետք է քննվի, կա դատավոր և բոլորը չեն վստահում, չի կարող երաշխավորել դատարանի անկախությունը, խաթարում է դատարանի նկատմամբ վստահությունը, հետևաբար դատարանը պետք է ինքնաբացարկ հայտներ։ Երբ որ բոլորը, այդ թվում տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, նաև դատախազությունը, որը չասաց ինքնաբացարկ, բայց մինչև վերջ հստակ չասաց էլ, որ վստահում է, բոլորն անվստահություն ունեն դատարանի նկատմամբ, ենթադրվում է, որ դատարանը պետք է ինքնաբացարկ հայտնի ինքնուրույն։

Անկախ նրանից, թե վաղը ինչ որոշում կլինի, մնում եմ կարծիքն, որ դատարանը պետք է ինքնաբացարկ հայտներ»։

Նա նշեց, որ այն, ինչը կա տվյալ գործով մեղադրանքի մեջ, ոչ Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկը մեղավոր չէ։ Ա. Օրբելյանն ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ սպանության հետ կապված որևէ բան չկա. «Մարդկանց մոտ տպավորություն է, որ սպանություններն են բացահայտված։ Ոչ։ Ըստ մեղադրանքի, սահմանադրական կարգի տապալումն արտակարգ դրությունն է։ Քննվում է ընդամենը սահմանադրական կարգի տապալում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում